Ինչ իրավիճակ է Նուբարաշենի այրվող աղբավայրում և ինչ գաղտնիքներ է այն ամփոփում․ «Sputnik Արմենիա»
- Jun 12, 2021
- 2 min read

Հայաստանի ամենախոշոր աղբավայրերից մեկը՝ Նուբարաշենի աղբավայրը, արդեն 4 օր է` վառվում է։ Այս հսկայական աղբակույտում, որը տեղ-տեղ երկնաքերի բարձրության է հասնում, մլմլում է ամեն ինչ՝ պլաստիկից մինչև կրակայրիչ։
Երկրի արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական մարտական հաշվարկներն արդեն իսկ տիտանական աշխատանք են կատարել: Նրանց հաջողվել է տեղայնացնել 1000, 2000 և 400 քառակուսի մետր մակերեսով հրդեհի բոլոր երեք օջախները։ Սակայն հրդեհը մարելու համար ծանր տեխնիկա և շատ հող է անհրաժեշտ։

Այն, որ Երևանում աղբանոց է այրվում, կարելի է հասկանալ քաղաքի կենտրոնական մայրուղիներից մեկով անցնելիս՝ Սարալանջի հատվածում։ Ինչպես պարզաբանում են ԱԻՆ մասնագետները, աղբանոցներում բռնկված հրդեհներին ընդունված չէ բարդության աստիճան վերագրել։ Սակայն էպիկենտրոնում հայտնվելով` անմիջապես հասկանում ես, որ իրավիճակը բարդագույններից է։
Մոտենում ենք աղբավայրին, որից ծուխ և բոց է բարձրանում։ Մեզ ընդառաջ են գալիս փրկարարները և, զարմանքը չթաքցնելով, նշում են, որ այսքան տարվա մեջ մենք առաջինն ենք, որ եկել ենք լուսաբանելու աղբավայրի հրդեհն ու նրանց աշխատանքը։

«Մենք հասցնում ենք տեսակավորել աղբի ընդամենը 30 տոկոսը, մնացած 70 տոկոսն այդպես էլ չմշակված է մնում»,-ասաց նա։ Տղամարդու խոսքով՝ հրդեհի պատճառով արդեն երկու օր է, ինչ չեն կարողանում աշխատել, հետևաբար առանց եկամուտի են մնացել։ Նուբարաշենի քաղաքային աղբանոցը շահագործման է հանձնվել 1950-ական թվականներին։ Այն քաղաքի կենտրոնից 9-10 կմ է հեռու, մակերեսը 52,3 հեկտար է։ Երևանի քաղաքապետարանի տվյալներով՝ այստեղ օրական 1000-1200 տոննա (տարեկան 365-440 հազար տոննա) կենցաղային և այլ աղբ է թափվում։ Կենցաղային աղբը չի տեսակավորվում և չի մշակվում, այլ խտացվում է և չեզոքացվում հողի շերտով պատվելու միջոցով։ Տեսակավորում հիշեցնող աշխատանքներ աղբավայրում իրականացնում են կամավոր աշխատողները, որոնք այստեղ են գտնում գումար վաստակելու միակ հնարավոր ձևը։ 2009թ․- մարտի 10-ին Երևանի քաղաքապետարանն ու ճապոնական «Շիմիձու» կորպորացիան Նուբարաշենի կոլեկտորում կենսագազի հավաքման և այրման պայմանագիր կնքեցին, ինչը կնպաստի թերմոգազերի արտանետումների կրճատմանը, շրջակա միջավայրի և սանիտարահիգիենիկ պայմանների բարելավմանը: Ներկայումս մեթան գազը դուրս է բերվում հորիզոնական գազատարներով և խրամատներով ,որոնք փորված են 8 հա մակերեսով կոլեկտորների մեջ, և այրվում է: Չնայած այս ամենին՝ բնապահպանները բազմիցս ընդգծել են, որ աղբանոցը պետք է փակվի, քանի որ այն մեծ սպառնալիք է քաղաքի էկոլոգիայի համար։ Աղբանոցում ներկայումս համապատասխան պայմաններ չկան, չկան ջրի կայաններ, ոռոգման համակարգեր, որոնք հատկապես ամռանը թույլ կտան խուսափել հրդեհներից: Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ մայրաքաղաքում երկու աղբավայր է գործում՝ Նուբարաշենինը և Աջափնյակինը։ Քաղաքային վարչությունից պարզաբանեցին նաև, որ դրանք երկուսն էլ ժամանակակից ստանդարտներին չեն համապատասխանում։ «Նուբարաշենի աղբավայրի հարակից տարածքում նախատեսված է նոր աղբավայրի կառուցում՝ ժամանակակից չափանիշներին համապատասխան։ 2021 թ․-ի աշնանը նախատեսվում է համաձայնագիր ստորագրել շինարարության մեկնարկի մասին»,-ասված է պատասխանում։

Նախատեսվում է աղբավայրը կառուցել երկու տարվա ընթացքում։ Նախագծի արժեքը 26 միլիոն եվրո կկազմի, որոնցից 8 միլիոնը վարկով կվերցնեն Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկից, 8 միլիոնը՝ Եվրոպական ներդրումային բանկից, 8 միլիոն եվրոյի դրամաշնորհ՝ ԵՄ-ից, 2 միլիոն եվրոյի դրամաշնորհ՝ էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի Արևելյան Եվրոպայի գործընկերությունից (E5P)։ Աղբանոցը նախատեսված կլինի կենցաղային թափոնների համար, կլինի նաև շինարարական թափոններ ընդունելու հնարավորություն։ Ծրագրի շրջանակներում, բացի նոր աղբավայրի կառուցումից, նախատեսվում է նաև փակել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը։
Comments