top of page

Ի՞նչ կենսագրություն ունեն ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները․ մաս 2-րդ



Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովներն 8-րդ գումարման ազգային ժողովում ղեկավարելու են 9 իշխանական և 3 ընդդիմադիր պատգամավորներ։


MediaHub.am-ն արդեն ներկայացրել է հանձնաժողովների նախագահների 1-ին մասի կենսագրությունը։ Ներկայացնում ենք, թե ինչ կենսագրություն ունեն մյուս 6 հանձնաժողովների նախագահները։


Արման Եղոյան

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նախագահում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։


Եղոյանը ծնվել է 1984թ-ին։ Մասնագիտությամբ իրավագետ է։ Նախորդ գումարման Ազգային ժողովում ևս գլխավորել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը։


2010-2013 թվականներին աշխատել է ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունում։ Եղել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող։ 2018 թվականի հունիսի 2-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով։


Արմեն Գևորգյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն Ազգային ժողովում ղեկավարում է Տարածարջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը։


Արմեն Անդրանիկի Գևորգյանը ծնվել է 1973թ. հուլիսի 8-ին՝ Երևան քաղաքում:

1993թ. գերազանցությամբ ավարտել է Սանկտ-Պետերբուրգի պետական ծառայության ինստիտուտը։

1993-1996թթ. Սանկտ-Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ է եղել:

Համատեղությամբ ավարտել է նաև Տվենտեի (Նիդերլանդներ) համալսարանի մագիստրատուրան՝ Կրթության և վերապատրաստման համակարգերի ծրագրավորում մասնագիտությամբ։

1997-1998թթ. զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։

1998թ. ապրիլին նշանակվել է ՀՀ նախագահի օգնական, այնուհետև՝ ՀՀ նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: 2006թ. փետրվարին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար։

2007թ. հունիսից մինչև 2008 թվականի ապրիլը զբաղեցրել է նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։

2008թ. ապրիլի 21-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ:

Եղել է ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ, ԱՊՀ երկրների հետ համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության նախագահի հատուկ ներկայացուցիչ:

2015թ. հոկտեմբերից գլխավորել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամը:

2015թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին մասնակցել է Հարվարդի համալսարանի (Բոստոն, ԱՄՆ) բիզնես դպրոցի ընդհանուր կառավարման գծով կրթական ծրագրին:

2016թ. հունիսի 6-ից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է եղել, իսկ 2016 թվականի հոկտեմբերի 3-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, 2018 թվականի ապրիլի 18-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

2018 թվականի ապրիլի 18-ին նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։

2021 թվակնի մայիսի 12-ից «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավարն է եղել։


Նարեկ Զեյնալյան

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանն է։ Նա նախորդ գումարման Ազգային ժողովում ևս ղեկավարել է նույն հանձնաժողովը։


Ծնվել է 1979 թվականի ապրիլի 18-ին՝ Երևանում։ 2007-2008 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։


Միչև 1996 թվականը սովորել է Հայաստանի առողջապահության նախարարության բժիշկների կատարելագործման ազգային ինստիտուտի բժշկական քոլեջում, իսկ 2002 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժության ֆակուլտետը, 2004 թվականին՝ նույն համալսարանի կլինիկական օրդինատուրան, իսկ 2007-ին՝ «Հանրային առողջություն և առողջապահության կառավարման» ասպիրանտուրան (մագիստրոս), 2012 թվականին՝ օրդինատուրան՝ «պրոկտոլոգիա» մասնագիտությամբ (մագիստրոս)։


Անցել է մի շարք վերապատրաստման դասընթացներ․ «Շահերի պաշտպանություն, կոալիցիայի կառուցում, ցանցի ստեղծում» (2003 թվական), «Ծրագրերի մոնիտորինգ և գնահատում» (2004 թվական), «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում և անվտանգ պայքարի ձևավորում» (2005 թվական), «Էնդոսկոպիա» (2007 թվական և 2012 թվական)։


2008-2010 թվականներին «ԲԲՋ» բժշկական կենտրոնում աշխատել է բժիշկ-էնդոսկոպիստ, 2004-2007 թվականներին և 2008-2013 թվականներին աշխատել է որպես Երևանի պետական բշկական համալսարանի «Հանրային առողջության և առողջապահության կառավարում» ամբիոնի դասախոս, 2008-2014 թվականներին՝ «Մեծամորի հիվանդանոց» ՊՓԲԸ-ում, 2014-2017 թվականներին «ՍլավՄեդ»-ում՝, իսկ 2010-2018 թվականներին՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններում աշխատել է որպես բժիշկ-էնդոսկոպիստ։

2003-2004 թվականներին եղել է «Պասիվ ծխողների շահերի պաշտպանություն» ծրագրի ղեկավար։


2003 թվականին անդամակցել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբին։ 2004 թվականից «Ադամ» երիտասարդական-առողջապահական հասարակական կազմակերպության նախագահն է, 2004 թվականին եղել է «ՀԿ-ների նորմերի կոդեքսի մշակման» աշխատանքային խմբի անդամ, 2007 թվականին՝ «Առաջնային բուժօգնության և ընտանեկան բժշկության ախտորոշումներին համապատասխան իրավիճակների ժամանակ նշանակումների, ընտրված ստանդարտ բուժման համար օգտագործվող հիմնական դեղորայքի ուղեցույցի հասանելիության և առաջնային բուժօգնության հիմնարկներում և դեղատներում դեղերի գների հետազոտություն» ծրագրի ղեկավար։


2018 թվականի սեպտեմբերի 23-ից միչև 2018 թվականի դեկտեմբերի 9-ը եղել է Երևանի ավագանու անդամ («Իմ Քայլը» դաշինք)։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։


Թագուհի Թովմասյան

Թագուհի Թովմասյանը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է, ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։


Ծնվել է 1982 թվականի օգոստոսի 14-ին՝ Վարդենիսում։ Մասնագիտությամբ լրագրող է։

2003-2004 թվականներին աշխատել է «Իրավունք» թերթում՝ որպես կամավոր։ 2004-2007 թվականներին եղել է «Իրավունք» թերթի քաղաքական բաժնի լրագրող, 2007-2011 թվականներին` «Օգոստոս» գործակալություն ՍՊԸ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող, 2011-2018 թվականներին` «Ժողովուրդ թերթի խմբագրություն ՍՊԸ» («Ժողովուրդ» օրաթերթը, ArmLur.am լրատվական կայք) լրատվական հոլդինգի հիմնադիր-ղեկավար, «Ժողովուրդ» թերթի և ArmLur.am առցանց կայքի գլխավոր խմբագիր։ 2019թ. սեպտեմբերից 2019թ. դեկտեմբեր ամիսներին դասավանդել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում։ Ի նշան հայրենիքի կորստի դեմ բողոքի՝ 2020թ. նոյեմբերի 16-ին դուրս է եկել ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից։


2020 թվականի պատգամավորական գործունեության համար 2021 թվականի մարտի 31-ին AAD 11-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն պատգամավոր» անվանակարգին։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։


Սիսակ Գաբրիելյան

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախագահում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը:


Սիսակ Գաբրիելյանը ծնվել է 1988 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Երևանում։ Միչև 2016 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, 2017 թվականին ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։


2014 թվականի հունվարից միչև սեպտեմբեր եղել է «Ա1+» հեռուստաընկերության լրագրող, իսկ 2014-2018 թվականներին՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, հեռուստառադիոհաղորդավար, 2018 թվականին՝ «Քաղաքականությունը ներսից» հաղորդման հեղինակ և վարող։


Սիսակ Գաբրիելյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կազմում։


Գևորգ Պապոյան

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը Գևորգ Պապոյանն է: Ծնվել է 1987 թվականի փետրվարի 11-ին՝ Արագածոտնի մարզի, Ուջան գյուղում։ Մասնագիտությամբ տնտեսագետ է, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ։


2008-2009 թվականներին աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում։ 2009-2013 թվականներին աշխատել է «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ-ում որպես մարկետինգային հետազոտությունների մասնագետ։ 2011 թվականից դասավանդում է ՀՊՏՀ մարկետինգի ամբիոնում։ 2015-2018 թվականներին եղել է «ԲԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ մարկետինգի բաժնի ղեկավար, 2018-2019 թվականներին՝ «ԲԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի փոխտնօրեն։


Ըստ Հայաստանի հանրապետական կուսակցության տարածած հայտարարության՝ 2005-2018 թվականներին Գևորգ Պետրոսյանն անդամակցել է ՀՀԿ-ին։ ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության որոշման համաձայն՝ 2018 թվականի հուլիսի 3-ին, նա հեռացվել է կուսակցությունից ներկուսակցական աշխատանքներին չմասնակցելու և կուսակցության կարգապահությունը խախտելու պատճառներով։


Անդրադառնալով ՀՀԿ-ի հայտարարությանը՝ Գևորգ Պետրոսյանը նշել է, որ ինքը նշյալ կուսակցությանն անդամակցել է մինչև 2007 թվականի հոկտեմբեր ամիսը և, որ իր անդամակցությունը բացառապես կրել է ֆիկտիվ բնույթ։


2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։

תגובות


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page