Ադրբեջան-Պակիստան տանդեմին Հայաստանը դիմագրավելու է Հնդկաստանի օգնությամբ. վերլուծական
- May 19, 2021
- 1 min read

Հնդկաստանն ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությանը և օրինախախտ կողմին կոչ է անում հետ քաշել ուժերը և դադարեցնել հետագա սադրանքները։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Արինդամ Բաղչին։
Միջուկային տերություն Հնդկաստանն ունի իր շահերը Հարավային Կովկասում և հայ-ադրբեջանական սահմանային լարվածության այս դրվագում հայամետ հայտարարությունը շատ կարևոր էր:
Տարածաշրջանում ներկայացված լինելու առումով Հնդկաստանը չի ցանկանում հետ մնալ իր գլխավոր ռազմաքաղաքական հակառակորդ Պակիստանից, որը սերտ տնտեսական, ռազմաքաղաքական կապեր ունի Ադրբեջանի հետ:
Ադրբեջանապակիստանյան հարաբերությունները վերջին տարիներին նոր որակ են ստանում՝ Բաքուն պակիստանյան զինատեսակներ է գնում, Պակիստանը չունի դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի հետ և միջազգային բոլոր հարթակներում վառ ադրբեջանամետ դիրքորոշում ունի ղարաբաղյան հարցում:
Այս պարագայում հայ-հնդկական հարաբերությունների խորացումը՝ հակակշիռ է Ադրբեջան-Պակիստան տանդեմին և Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան ռազմաքաղաքական առանցքին:
Հնդկաստանի մեսիջը շատ հստակ էր՝ Նյու-Դելին կոչ է անում ադրբեջանական կողմին հետ քաշել զորքերն ու ռազմական սադրանքների չդիմել: Հնդկաստանը դիվանագիտական խուսանավում չի կատարում՝ կոչ չի անում երկու կողմերին զսպվածության, այլ հստակ մատնանշում է ապակառուցողական կողմին՝ այս պարագայում Ադրբեջանին:
Մեկ միլիարդից ավել բնակչությամբ, զարգացող տնտեսությամբ և արդիականացվող բանակով Հնդկաստանը աշխարհում նոր ուժային կենտրոն է և Հայաստանը պետք է կարողանա մաքսիմալ դիվիդենտներ քաղել հայ-հնդկական շփումներից: Հայաստանը կարող է զենք և զինամթերք գնել Հնդկաստանից, ներգրավվել հնդկական ներդրումներ հայկական տնտեսության տարբեր ճյուղերում և Իրանի լոգիստիկ հնարավորությունների շնորհիվ փորձել դուրս գալ հնդկական շուկա:
Հարավային Կովկասում Հնդկաստան-Պակիստան proxy war է սկսվում, որտեղ Իսլամաբադը հենվում է Ադրբեջանի վրա, իսկ Նյու-Դելին՝ Հայաստանի:
Վերլուծությունը՝ Արտյոմ Բալասանովի
Comments