Քննադատությունները լսելի են. Պարեկային նոր ծառայության մեքենաների արտաքին ձևավորումը կփոխվի
- Jul 26, 2021
- 1 min read

Երևանում հուլիսի 7-ին մեկնարկած Պարեկային նոր ծառայության ավտոմեքենաների արտաքին ձևավորումը կփոխվի: Այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող- խորհրդական Ամալյա Հովսեփյանը:
«Ծառայության մեկնարկից ի վեր, երկրորդ ամենամեծ քննադատությունը, թերևս, եղել է ավտոմեքենաների դիզայնի հետ կապված հարցը: Ասեմ, որ թե դիզայնի, թե լոգոյի հետ կապված հայտարարվել էր բաց մրցույթ Ոստիկանության կողմից: Արդյունքում ընտրվել է այն տարբերակը, որն այսօր կա: Դիզայնի հետ կապված քննադատություն եղել է ոչ թե քաղաքացիների, այլև որոշ պետական մարմինների կողմից, ինչը նորմալ է, որովհետև բոլորովին նոր սկսվող ծառայությունը չի կարող իդեալական լինել, թե իր գործառույթներով, թե իր ամենօրյա քայլերով, թե ձևավորմամբ: Այո, հաշվի առնելով թե քաղաքացիներից, թե Լեզվի կոմիտեից եկած քննադատությունը, այսօր արդեն վերանայում ենք մեքենաների դիզայնը: Շատ հնարավոր է, որ առաջիկայում ունենանք նոր տեսքով պարեկային ծառայության մեքենաներ»,-ասաց Ամալյա Հովսեփյանն՝ ավելացնելով, որ փոփոխությունները նաև վերաբերում են մեքենայի վրա գրված լատինատառ գրառումներին:
Հուլիսի 9-ին Լեզվի կոմիտեն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Պարեկային ծառայության ավտոմեքենաների վրա զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն, որը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածից և «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից։
Comments