Փաշինյանը հանձնում է Ղարաբաղը, որպեսզի Հայաստանն Արեւմուտք տանի. «Комсомольская правда»
Այն, որ Վաշինգտոնը եւ Բրյուսելը փորձելու են օգտագործել բարդ պահը եւ խնդիրներ ստեղծել Մոսկվայի համար նախկին Միության ամբողջ պարագծում, հասկանալի էր Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ամենասկզբից։ Թերեւս, այս առումով ամենահարմարը ղարաբաղյան քեյսն է։ 2020թ. 44-օրյա պատերազմից (պատերազմը դադարել է բացառապես շնորհիվ Պուտինի միջնորդական ջանքերի) եւ ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայումից հետո Ղարաբաղում, թեկուզ փուխր, բայց խաղաղություն է տիրել։ Փոխհրաձգությունները եւ տարբեր մասշտաբի միջադեպերը, որոնք տեղի էին ունենում Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին, ակնհայտորեն ընթանում քաղաքական ճնշման տրամաբանությունում՝ բանակցություններում արդյունքների հասնելու համար, գրել է «Комсомольская правда»-ն։ Բայց, դատելով ըստ ամենայնի, արդեն տեսանելի ապագայում վաղեմի հակամարտության պատմության մեջ նոր շրջադարձ է նշմարվում։ Հոկտեմբերի 10-ին ռուսական թելեգրամ-ալիքներից մեկում հրապարակվել է հայ-ադրբեջանական կարգավորման վերաբերյալ այսպես կոչված վաշինգտոնյան փաստաթուղթը։ Փաստաթուղթը արեւմտյան միջնորդական առաքելության արդյունքն է եւ, համաձայն տարբեր աղբյուրների, բրյուսելյան եւ փարիզյան բանակցություններից, ինչպես նաեւ Վաշինգտոնում արտաքին գործերի նախարարների եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումից հետո համարվել է ընդունելի թե՛ Ալիեւի, թե՛ Փաշինյանի կողմից։ Դատելով փաստաթղթի բովանդակությունից՝ դրա ստորագրման դեպքում կիրականացվեն միջպետական սահմանների վերջնական սահմանազատման աշխատանքներ, կսկսվեն այսպես կոչված զանգեզուրյան միջանցքի (արագընթաց մայրուղի, որը պետք է արեւելյան Ադրբեջանի շրջանները Հայաստանի տարածքով կապի Նախիջեւանի հետ) շինարարության աշխատանքները։ Բացի այդ, Ադրբեջանը պետք է նշանակի մի ինչ-որ «պաշտոնական ներկայացուցչի», որը Ղարաբաղի հայերի այդօրինակ ներկայացուցչի հետ պետք է քննարկի եւ լուծի վերջինների անվտանգության եւ իրավունքների հետ կապված հարցերը։ Որեւէ կարգավիճակ Ղարաբաղի հայերի, առավել եւս՝ չճանաչված ԼՂՀ-ի համար նախատեսված չէ։ Հետաքրքիր է, որ այս փաստաթղթի հրապարակումն առայժմ բողոքի շարժման ոչ մի բռնկում ոչ Հայաստանում, ոչ Ղարաբաղում չի առաջացրել։ Չէ՞ որ հասկանալի է, որ իրականում դա նշանակում է Լեռնային Ղարաբաղի լիակատար անցում ադրբեջանական իրավասության ներքո, իսկ որեւէ «պաշտոնական ներկայացուցչի» ֆորմալ լինելն ադրբեջանցիները չեն էլ թաքցնում. դեռեւս բոլորովին վերջերս Իլհամ Ալիեւը նորից հայտարարել է, որ Ղարաբաղում ապրող հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են, եւ նրանց հետ վարվելու են այդ երկրի Սահմանադրությանը համապատասխան։ Հասկանալի է, որ շուտով Ղարաբաղում ոչ մի հայ չի մնա։ Եթե գործող հայկական իշխանությունը համաձայնի ընդունել այս փաստաթուղթը (մեր աղբյուրները Հայաստանի կառավարությունում հավաստիացնում են, որ Փաշինյանը վստահ է դրա շուտափույթ ստորագրման անհրաժեշտության մեջ), ապա դա կդառնա Անդրկովկասում տեկտոնական շարժի կատալիզատոր։ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հաշտություն ստորագրող Հայաստանին, որը կկորցնի Ղարաբաղը եւ, իբր, դրանով իսկ կազատվի գոյաբանական սպառնալիքներից, պետք չեն լինի ոչ ռուսական ռազմակայանը Գյումրիում, ոչ ռուս խաղաղապահները Ղարաբաղում։ Ավելի քան հասկանալի է, որ հենց սա էլ արեւմտյան մջնորդների իսկական նպատակն է։ Կգնա՞ արդյոք դրան Փաշինյանը։ Հայաստանի եւ Ռուսաստանի փորձագիտական հանրույթի մեծ մասի կարծիքով՝ նա դա կանի օպերատիվ կերպով եւ առանց խղճի խայթի. մինչեւ իշխանության գալը նա հանդես էր գալիս որպես համոզված արեւմտամետ եւ ԵԱՏՄ-ից Հայաստանը դուրս բերելու կողմնակից։ Արդյոք՞ դա հուզումներ կառաջացնի Հայաստանում եւ Ղարաբաղում։ Ամենայն հավանականությամբ՝ այո։ 2021թ. ընտրություններում Փաշինյանը պահպանեց իշխանությունն արդարացի աշխարհի, Ղարաբաղը հայկական պահելու եւ ՌԴ-ի հետ ռազմավարական դաշինքն ամրապնդելու կարգախոսներով։ Հայ ընտրողը, որի համբերությունը եւ հանդուրժողականությունը Փաշինյանի անհաջողությունների հանդեպ անսահման են թվում, նրան այդպիսի մանդատ չի տվել եւ կարող է հիշեցնել վարչապետին բոլոր փորձանքները, որոնք տեղի են ունեցել անցած չորս տարիներին։Բացի այդ, հազիվ թե հայերը մոռացած լինեն նորագույն պատմության դասերը եւ հաստատ հիշում են, թե ինչ կարող է պատահել, երբ մենակ ես մնում՝ անվտանգության չլուծված խնդիրներով՝ Վաշինգտոնի «ազնիվ խոսքի» ներքո։
Comentarios