Կառավարությունում Փաշինյանի հանձնարարականը չեն կատարում. «Ժողովուրդ»
- Jul 30, 2021
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ առողջապահության նախարարությունը դեռ չի շտապում կատարել ՀՀ վարչապետի ԺՊ հանձնարարականը և թվային տվյալներ չի հրապարակում այն մասին, թե քանի հայաստանցի է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, քանի օտարերկրացի: Մինչդեռ ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը դեռեւս հուլիսի 22-ի կառավարության նիստին հրահանգել էր առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին ամենօրյա վիճակագրության մեջ առանձնացնել կորոնավարակի դեմ պատվաստված հայաստանցիների եւ օտարերկրացիների թիվը:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը Առողջապահության նախարարությունից խնդրեց թվային տվյալներ փոխանցել, թե քանի օտարերկրացի և քանի հայաստանցի է պատվաստվել COVID-19-ի դեմ: Մեր հարցին ի պատասխան՝ փոխանցեցին, որ երբ պատրաստ լինի, կհրապարակեն, այժմ ամփոփում են:
Փաստորեն, մեկ շաբաթ Նանուշյանի համար բավարար չի եղել հաշվարկել, մինչդեռ նա կառավարության ղեկավարից ստացել է հրահանգ ու չի կատարում փաստացի: Բայց, սրան զուգահեռ, տեսակետ է շրջանառվում, որ մեր հայրենակիցները չեն վստահում եւ հրաժարվում են պատվաստվել: Սա է պատճառը, որ պատվաստված հայաստանցիների քանակը զգալի քիչ է, եւ զարմանալի չէ, քանի որ պատվաստվաստումների ցուցանիշները այս ընթացքում փորձում են բարձրացնել պետական աշխատողների հաշվին:
Նրանց պարգևավճար, խրախուսանք չեն տալիս, եթե պատվաստված չեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարության աշխատակազմը՝ ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, ներքին հրահանգ է իջեցրել, ըստ որի՝ բոլոր պետական ծառայողները պետք է պատվաստվեն:
Ավելին, սիրո հեղափոխության ներկայացուցիչները պետական ծառայողներին սպառնում են՝ ասելով, որ պատվաստվեն՝ կստանան պարգեւատրումը եւ հավելավճարը։ Պարտադրում են պատվաստվել եւ սեպտեմբերին «կանաչ անձնագրով» գալ աշխատանքի: Մեզ հայտնի դարձավ, որ պատվաստվածների ցուցակով անձամբ զբաղվում է Արայիկ Հարությունյանը»:
Comments