Պիտի փոխակերպենք հաղթանակի մեր բանաձևը, հիմա Թումանյանի ասած ճամփաբաժանում ենք․ Փաշինյան
- Sep 21, 2021
- 1 min read

Երևանի Հանրապետության հրապարակում քիչ առաջ մեկնարկեց Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառումը։ Միջոցառման մեկնարկը տրվեց ՀՀ օրհենրգով, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ շնորհավորական ուղերձով։
Նա նախ խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի համար նահատակվածների հիշատակը։
Այնուհետև Փաշինյանը կարդաց Հովհաննես Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը։
«Թումանյանի տողերը ճշգրտորեն նկարագրում են հանգրվանը, որում գտնվում է Հայաստանը»,- նշեց նա։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նախորդ երեսուն տարիներին հայացք գցելով՝ կտեսնենք հիացմունք ու հիասթափություն, պատերազմում կրած հաղթանակ ու պարտություն։
Նա նշեց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանրությունը կախված է այս հրապարակի վրա, և թերևս հենց այս հանգամանքն է այն ճամփաբաժանի սիմվոլը, որի մասին խոսում էր Մեծն Թումանյանը։
«Ինչպե՞ս ապրել այս աղետից հետո, ինչպե՞ս նայել զոհվածների երեխաների, այրիների, հայրերի ու մայրերի աչքերին։ Այս բանաձևումն է մեր ամենամեծ խնդիրը՝ ձևակերպել մեր կյանքի ու ապագայի ուղենիշը՝ անկախ պետության ապագա տասնամյակների համար։ Իմ պատկերացրած ձևակերպումն այսպիսին է՝ հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ, և նույնը պարտության դեպքում։ Մենք մեր պարտությունը պիտի փոխակերպենք հաղթանակի, բայց պիտի փոխակերպենք հաղթանակի բանաձևը։ Հաղթելու համար երբեմն պետք չէ հաղթել ուրիշներին»,- նկատեց նա։
Փաշինյանը կոչ արեց հաղթել ճակատագրին ու մահվանը։
Comments