Փաշինյանն ասել է՝ ՀՀ-ն որևէ դեպքում նոր «լոքդաունի» գնալ չի կարող. «Ժողովուրդ»
- Oct 26, 2021
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Կորոնավիրուսային համավարակի ահագնացող թվերով պայմանավորված՝ Առողջապահության ու ԿԳՄՍ նախարարությունները որոշել են ուսումնական հաստատություններում հեռավար կրթության ու արձակուրդային ռեժիմի անցնել:
Սրան զուգահեռ, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ սահմանել է՝ կառավարությունը որեւէ դեպքում ընդհանուր ու մեծ սահմանափակումներ սահմանելու ճանապարհով չի գնալու։
Նիկոլ Փաշինյանը սոցիալ-տնտեսական գերատեսչությունների ղեկավարների ու իր թիմակիցների հետ զրույցներում վստահեցրել է, որ ՀՀ-ն որևէ դեպքում նոր «լոքդաունի» գնալ չի կարող։
Դա, ըստ երեւույթին, առաջին հերթին սոցիալական խնդիրներով է պայմանավորված, որ կարող են առաջ գալ, եթե փակվեն, օրինակ, ռեստորանները, սրճարանները, ժամանցի ու հասարակական նշանակության վայրերը եւ այլն:
Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Առողջապահության նախարարությունը ԿԳՄՍՆ-ին առաջարկել էր դպրոցներում աշնանային արձակուրդը երկարաձգել եւս 1 շաբաթով, իսկ բուհերում՝ հեռավար կթության անցնել։
Ի՞նչ է ստացվում. մի կողմից՝ առողջապահության նախարարը ահագնացող թվեր է հրապարակում ու զգուշացնում, որ մահճակալային ֆոնդը սպառվում է, մյուս կողմից՝ վարչապետը հայտարարում է, որ որեւէ սահմանափակում չի լինելու։
Այսինքն՝ անկախ հանգամանքից, թե Covid-ից քանի մարդ կմահանա, հայրենի իշխանությունը հակահամաճարակային քայլեր անել չի պատրաստվում։ Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանում, օրինակ, քրոնիկ հիվանդություն ունեցող ու տարեց քաղաքացիների համար կառավարությունը տնային ռեժիմ է սահմանել»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։
Comments