Փաշինյանն ու իր թիմը նյարդային նոպաների մեջ են եղել այս գիշեր․ Սոս Հակոբյան
- Dec 6, 2021
- 1 min read

Այս իշխանություններին հեռացնելու գործընթացը ՏԻՄ ընտրություններով լայն թափ ստացավ։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության քարտուղար Սոս Հակոբյանը՝ անդրադառնալով երեկ Հայաստանում տեղի ունեցած մի շարք համայնքների ՏԻՄ ընտրություններին։
«Դեռ նոյեմբերին, երբ ընտրությունների առաջին փուլը եղավ, նշել էի, որ «Քաղաքացիական պայմանագրի» պարտությունների շքերթը համարենք բացված։ Մենք չսխալվեցինք, գրեթե բոլոր խոշոր քաղաքներում ՔՊ-ն պարտություն կրեց։ Սա ամենակարևոր արձանագրումն է մեր երկրի շահերի առումով»,- ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ տարբեր ընտրատեղամասերում բավականին խիստ մրցակցություն է եղել, և «Հայրենիք» կուսակցությունը, գրեթե բոլոր համայնքներում, որտեղ մասնակցել է ՏԻՄ ընտրության, ունի ավագանու անդամներ։
«Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել նաև Վանաձորում, որտեղ կա ռեալ շանս՝ «Քաղաքացիական պայմանագրին» դարձնել փոքրամասնություն, բայց դա, իհարկե, պարզ կլինի օրերի ընթացքում»,- նշեց Սոս Հակոբյանը։
«Հայրենիք» կուսակցության քարտուղարի խոսքով՝ ընտրությունների նման արդյունքը ցուցիչ է, որ տասյակ հազարավոր քաղաքացիներ հասկանում են՝ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ Հայաստանը գնում է ինքնաոչնչացման ճանապարհով։
«Մարդիկ հասկանում են, որ չկա ավելի կարևոր գործոն, քան անվտանգությունն է, մեր սահմանների անձեռնամխելիությունը, իսկ իշխանությունների մոտ ամենալավն է ստացվում այդ գործոնը ձախողելը»,-ասաց նա՝ հավելով, որ պետության անվտանգության հարցերով պետք է զբաղվեն մարդիկ, որոնք ունեն դրա վստահությունը թե՛ երկրի ներսում, թե երկրից դուրս։
Նիկոլ Փաշինյանի՝ ընտրությունների վերաբերյալ այսօրվա արած գրառումը Սոս Հակոբյանն այսպես որակեց․
«Վստահ եմ, որ դրանք կեղծ արդարացումներ էին սեփական պարտությունն ու խեղճացած դեմքը քողարկելու համար։ Վստահ եմ, որ Փաշինյանն ու իր թիմը բավականին նյարդային նոպաների մեջ են եղել այս գիշեր, քանի որ նա ժողովրդավարության հակապատկերն է»։
Հակոբյանը հավաստիացնում է, որ ՏԻՄ ընտրություններն ակներև արագացել են իշխանափոխության գործընթացը։
Մերի Գևորգյան
Comments