top of page

Փաշինյան-Պուտին հանդիպման մեջ գաղտնի պայմանավորվածության տրամաբանություն չեմ տեսնում․ քաղաքագետ

  • Jul 6, 2021
  • 2 min read


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Դատելով հայտարարությունից և այն օրակարգից, որը շրջանառվում է, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը MediaHub.am- ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ քննարկվելու են անվտանգության հարցեր՝ կապված սահմանային իրավիճակի, ինչպես նաև ընդունված եռակողմ հայտարարությունների հետ։


«Ընդունված եռակողմ հայտարարությունների հետ կապված մենք լավ գիտենք, որ լուրջ խնդիրներ կան, և հենց այդ հետագծով էլ ընթանալու են բանակցությունները։ Ի վերջո, այցն աշխատանքային է, այսինքն, խոսքը վերաբերում է հենց այդ օրակարգային հրատապ հարցերի լուծմանը»,- ասաց Մեհրաբյանը։


Նա չցանկացավ մեկնաբանել շրջանառվող տեսակետները, թե հնարավոր է՝ այս այցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվի նաև անկլավներն Ադրբեջանին տալու հարցում, համարելով, որ այս փուլում կարծիք հայտնելը նման կլինի գուշակություն անելուն, քանի որ այդ խոսակցությունները ենթադրություններ են, որոնք չեն բխում այցի պաշտոնական մասից։


Հարցին, թե արդյոք հնարավո՞ր են կուլիսային պայմանավորվածություններ կամ գաղտնի փաստաթղթերի ստորագրում՝ հաշվի առնելով նախորդ դեպքերը, Մեհրաբյանը պատասխանեց․


«Դա արդեն պայծառատեսության ոլորտից է, որով ես չեմ զբաղվում։ Դրա տրամաբանությունը չեմ տեսնում, որովհետև ցանկացած անդրկուլիսյան պայմանավորվածություններ իրենց մեջ պարունակում են առնվազն մեծ բարոյական վնասներ, որոնք ցանկացած իշանություն կարող է կրել, հետևապես, ես մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե ինչո՞ւ պետք է նման պայմանավորվածությունների գնան, երբ մինչ այդ, փաստորեն, ինչ ընդունվել է՝ սեղանի վրա է, ինչպես նաև ակնհայտ է, թե ով չի կատարում իր պարտավորությունները»։


Դիտարկմանը՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում հստակ նշվում էր առանց նախապայմանների գերիների վերադարձ, սակայն մենք տեսանք, որ դա իրականացվում է լրացուցիչ զիջուների հաշվին․ հայկական կողմը տրամադրում է ականապատ դաշտերի քարտեզներ, քաղաքագետն արձագանքեց․


«Այո, այդ հայտարարության մեջ նման վերապահում չկար, սակայն որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ ռուսական կողմն ի վիճակի չէ իր իսկ երաշխավորած հայտարարությունը կյանքի կոչել։ Սա կապ չունի անդրկուլիսյան պայմանավորվածությունների հետ»։


Անդրադառնալով հարցին, թե արդյոք այս դեպքում թերացումը միայն մեր ռազմավարական դաշնակցի՞նն է, և ՀՀ իշխանությունները որևէ թերացում չունե՞ն, նա նշեց, որ մեր իշխանությունները գտնվում են բավականին բարդ իրավիճակում և այնպես չէ, թե մենք ինչ ցանկանում ենք՝ մեկին-մեկ կարող ենք ստանալ, և փաստն այն է, որ ներկայում մեր ռազմավարական դաշնակիցն ի վիճակի չէ անել այն ֆունկցիաները, որն, իբր, պետք է կատարեր։

Komentar


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page