top of page

Կայացել է Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպումը. Ամփոփ

Քիչ առաջ Սոչիում ավարտվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպումը։ Հիշեցնենք, որ այսօր՝ Սոչիում, տեղի է ունենալու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ գագաթնաժողովը։ 

Հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, հայտարարել է «Մենք արդեն սկսել ենք այս բանակցությունները Աստանայում։ Բայց հիմա այս կարևոր հարցը լուծելու համար իրականացնում ենք Ձեր նախաձեռնությունը։ Ավելի վաղ Ձեր նախաձեռնությամբ ՀԱՊԿ ղեկավարների նիստ էր։ Մենք տեսնում ենք այն, ինչ կատարվում էր հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղի շուրջ։ Այդ կոնֆլիկտը արդեն տասնամյակներ է տևում, և պետք է ի վերջո ավարտել այն։ Գիտեմ, որ Դուք քաղաքական կամք ունեք, և մենք աջակցում ենք դրան։ Պետք է հիմա և եռակողմ ֆորմատով գտնել առանցքային կետեր և առաջ շարժվելը։ Ամենակարևորը խաղաղության պահպանումն ու տնտեսական զարգացման համար պայմանների ստեղծումն է, այդ թվում՝ ապաշրջափակման և սահմանների բացման հարցերը։ Դրա համար այսօր պետք է խոսենք այդ բոլոր հարցերի շուրջ։ Մենք մեկնարկում ենք այն կետից, որ Հայաստանը մեր դաշնակիցն է և ռազմավարական գործընկերը»։ 

Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է տարածաշրջանում խաղաղության հաստատման, ենթակառուցվածքների ապաշրջափակման ու հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի ու դելիմիտացիայի վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է. «Ուզում եմ կենտրոնանալ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Վալդայում Դուք նշել եք, որ կպաշտպանեք այն կետերը, որը կարտահայտի հայկական կողմի մոտեցումները։ ԼՂ հարցով մեզ համար ընդունելի են ռուսական տարբերակի կողմից առաջարկվող բազային պարամետրերը և առաջարկները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման համար։ Հուսով եմ՝ Դուք կաջակցեք այս փաստաթղթին, որը կարող է հիմք հանդիսանալ մեր այսօրվա եռակողմ հանդիպման արդյունքում հնարավոր հայտարարության համար։ Հայաստանը դա առաջարկել է, բայց մինչև այժմ մենք չունենք ռուսական կողմի աջակցության հաստատումը։ Ուզում եմ ընդգծել, որ այդ ամենը ոչ մի կերպ չի հակասում Պրահայում ձեռք բերված համաձայնություններին, և, իմիջիայլոց, Պրահայի բանակցությունների ընթացքում ես առաջնորդվում էի՝ այդ թվում և Ձեր հրապարակային հայտարարություններով։

Մեզ համար շատ կարևոր է ադրբեջանական զորքերի դուրս բերումը ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտուց, հույս ունեմ՝ այդ հարցը կլուծվի այսօրվա քննարկման արդյունքներով։ Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիային և դելիմիտացիային, դրան պետք է նախորդի հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակի բարձրացումը։ Ռուսաստանի դիրքորոշումն այն էր, որ դելիմիտացիայի հանձնաժողովի աշխատանքը կդառնա սահմանային անվտանգության մեխանիզմ։ Ճիշտն ասած, մենք այդ ժամանակ չէին կիսում այդ մոտեցումը, բայց որոշեցինք հիմնվել մեր ռազմավարական դաշնակցի մեկնաբանության վրա։ Ի հեճուկս դրա, այս տարվա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը սանձազերծել է ագրեսիա Հայաստանի դեմ և օկուպացրել մեր երկրի նոր տարածքներ։ Մեզ համար շատ կարևոր է Ռուսաստանի հստակ դիրքորոշումը այս հարցում՝ ադրբեջանական զորքերը ելման դիրքեր դուրս բերելու պահանջով։ Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցությունները պետք է լինեն Հայաստանի ամբողջական ենթակայության տակ և գործարկվեն ՀՀ օրենքներին համապատասխան։ ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը պետք է վերահսկողություն իրականացնի վերը նշված համաձայնությունների կատարման ուղղությամբ։ Ուզում եմ ընդգծել Ադրբեջանում պահվող ՀՀ բոլոր քաղաքացիների հայրենադարձության կարևորությունը։ Չնայած նրան, որ այդ հարցը մենք Ձեզ հետ բազմիցս քննարկել ենք, այն մինչ օրս չի լուծվել։ 

Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Հարավային Կովկասում խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանն ուղղված Ձեր ջանքերի համար»։


Commentaires


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page