Փաշինյանը, հնարավոր է, ցմահ ազատազրկվի․ փաստաբանի կարծիքը
- Jun 3, 2021
- 1 min read

2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո իրավաբաններն ու քաղաքական որոշ ուժեր պահանջեցին մեղադրանք առաջադրել և կալանավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իբրև պետական դավաճանի։
Եթե 2020- ին այդ պահանջն, ըստ իրավաբանների, մի քանի տասնյակ հիմք ուներ, ապա 2021- ին դրանց թիվը բավականին ավելացել է։
«Փաստաբանները դեռ 2020- ի տարեվերջին են հանցագործության մասին հաղորդում ներկայացրել և պահանջել Փաշինյանի կալանավորումը։ Մենք մի քանի տասնյակ առանձին, ինքնուրույն հիմքեր ենք ներկայացրել, որոնցից յուրաքանչյուրի դեպքում քրեական գործի հարուցումը պարտադիր պետք է լիներ»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելը քաղաքական խնդիր է․ պետք է քաղաքական կամք ու որոշում լիներ, որպեսզի գործը հարուցվեր։
«Կարծում եմ՝ իշխանափոխությունից հետո փաստաբանների ու քաղաքական որոշ ուժերի հաղորդումների հիման վրա Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ կհարուցվի»,- նշեց նա՝ հավելելով, որ 2021 թվականի քաղաքական գործողությունները նոր հիմքեր են տալիս Փաշինյանի դեմ քրեական գործեր հարուցելու համար։
Ըստ նրա՝ եթե 2020- ին իրենց հաղորդումից հետո քրեական գործը հարուցվեր, և սկսվեր նախաքննություն, ապա ի հայտ եկող բոլոր նոր հիմքերը կավելացվեին նախաքննությանը։
«Քանի որ չկա հարուցված քրեական գործ, պետք է նոր ի հայտ եկած հիմքերով նոր հաղորդումներ ներկայացվեն դատախազություն»,- կարծիք հայտնեց նա։
Թե քանի՞ տարի ազատազրկում կսպասվի Նիկոլ Փաշինյանին, եթե ընտրություններից հետո նրա դեմ քրգործ հարուցվի և քննությունը ցույց տա, որ նա պետական դավաճանություն է իրականացրել, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց՝ առանձնապես ծանր հանցագործության համար նախատեսվում է 15 տարուց մինչև ցմահ ազատազրկում։
Commentaires