Մեկ տարի անց՝ թվացյալ խաղաղության և չավարտվող պատերազմի արանքում
Մեկ տարի առաջ՝ հենց այս օրը, հենց այս ժամին՝ 7:10, Արցախից ստացվեցին առաջին տագնապալի լուրերը, որ Ադրբեջանն Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: Առաջին պահին անհասկանալի թվացող դրությունը ժամերի ընթացքում հստակ անուն ստացավ՝ պատերազմ։
Հետո իրադարձություններն այնքան արագ էին զարգանում, որ օրվա երկրորդ կեսին արդեն պաշտոնական լրահոսը ողողված էր հակառակորդի կորուստների մասին լուրերով, կամավորական ջոկատներ էին կազմավորվում, մարդիկ ինքնակազմակերպվում և մեկնում էին ճակատ։
Հաշված ժամերում արդեն պարզ դարձավ՝ այս անգամ ոչ թե թշնամու հերթական, կարճաժամկետ սադրանքի հետ գործ ունեինք, այլ՝ լայնամասշտաբ պատերազմի։ Նույն օրը՝ սեպտեմբերի 27-ին, Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և զորահավաք։
«Եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի՝ մենք մեզ պարտված չենք ճանաչի»,- եղավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած «մարտակոչը»։
Եվ, ինչպես հորդորել էր պետության առաջին դեմքը, հայ ժողովուրդը մինչև նոյեմբերի 9-ն իրեն ոչ միայն պարտված չհամարեց, այլ նաև մնաց համոզված՝ հաղթում է։
Պատերազմ էր ամենուր․ բանակը կռվում էր թշնամու, բժիշկները՝ մահի, քաղաքացիները՝ արցախցիների անտուն մնալու, իսկ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը՝ մի կողմից թշնամի պետության ղեկավարի, մյուս կողմից, իր խոսքով, հայոց բանակում ծառայող «դավաճանների» դեմ։ Յուրօրինակ պայքար էր մղում նաև միջազգային հանրությունը՝ օրական մի քանի անգամ պատերազմը դադարեցնելու անդեմ կոչեր հնչեցնելով։
Ադրբեջանի, Թուրքիայի և վարձկանների դեմ պատերազմող Հայաստանում հաղթական ոգին փոքր-ինչ կոտրվեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի՝ նոյեմբերի 9-ի ֆեյսբուքյան գրառումից հետո, երբ նա նշել էր՝ Շուշին այլևս հայկական վերահսկողության տակ չէ, ադրբեջանցիները Ստեփանակերտի մատույցներոմ են: Առաջացած աժիոտաժը, սակայն, թուլացավ, երբ վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, թե Շուշիի համար մարտերը դեռ շարունակվում են։ Իսկ, ահա, մի քանի ժամ անց՝ նոյեմբերի 9-ի՝ լույս 10-ի գիշերը, Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ և հայկական կողմի համար ցավալի հայտարարություն է ստորագրվել։
44-օրյա պատերազմը կանգնեցնելու համար ստորագրված պայմանագրից հետո Հայաստանի համար թվացյալ խաղաղության գինը եղան 30 տարի հայկական ուժերի վերահսկողության տակ եղած՝ Արցախի Հանրապետության 7 շրջանների հանձնումը, Հադրութի ու Շուշիի կորուստը, ռուս խաղաղապահների տեղակայումը, Հայաստանի տարածքով ցամաքային կապը Ադրբեջանի և դրա կազմի մեջ մտնող Նախիջևանի միջև, վերջին պաշտոնական տվյալներով՝ 3777 զոհն ու տասնյակ հազարներով վիրավորներն և անգամ մեկ տարի անց դեռևս հայրենի հողում չամփոփված մասունքները։
Նարե Գևորգյան
Comments