top of page

Պատերազմի դեմքերը․ ով որտեղ է հիմա․ ՄԱՍ 1-ԻՆ



Արցախյան 44-օրյա պատերազմը հանրությանը համախմբեց ինչպես հաղթելու գաղափարի, այնպես էլ պետությունը ներկայացնող դեմքերի և «պետության ձայնը» հնչեցնողների շուրջ։ Տեղեկատվական պատերազմում հաղթելու համար մարդիկ սկսեցին հետևել հատկապես «պետության խոսափողը» դարձած մարդկանց։


MediaHub.am-ը ներկայացնում է, թե պատերազմից մեկ տարի անց որտե՞ղ են և ի՞նչ են անում այդ մարդիկ։


Այսպես, 44 օր շարունակ վաղ առավոտից մինչև ուշ գիշեր հանրությանը հաղթելու մտքերով սնած ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը 2021 թվականի ապրիլի 5-ին դադարեց հանդես գալ գերատեսչության անունից։ Նա դասախոսում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ուսումնական համալսարանում (ՌՈւՀ)։


Ի տարբերություն Արծրուն Հովհաննիսյանի, ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո՝ նոյեմբերի 20-ին, իր դիմումի համաձայն ազատվեց պաշտոնից։


Նա տեղեկացրել էր, որ պատերազմի ելքն ընդունել է ոչ միայն որպես պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ, այլ նաև՝ որպես անձնական կորուստ:


Սահմանային վիճակի մասին հանրությանը տեղեկացված պահելու մեծ խանդավառություն ունեին նաև հայկական երկու պետությունների առաջնորդները։ Հակառակ նոյեմբերի 9-ից հետո մեկնարկած ակցիաների, ընդվզումների և անհնազանդությունների, ինչպես նաև ՀՀ-ում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել մինչ օրս։ Պետության ղեկը մինչ օրս իր ձեռքում է պահում նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նրա խոսնակ Վահրամ Պողոսյանը, որի ֆեյսբուքյան էջը ևս հանրության ուշադրության կենտրոնում էր, շարունակում է կատարել իր աշխատանքը։


Թշնամու սադրանքները, պատերազմական հանցագործությունները ֆիքսում և րոպեների ընթացքում ոչ միայն հայ, այլ նաև միջազգային հանրությանն էին ներկայացնում Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանը և Արտակ Բեգլարյանը։


ՀՀ ՄԻՊ-ը մինչ օրս շարունակում է աշխատանքը՝ միջազգային իրավապաշտպան կառույցներին ներկայացնելով Ադրբեջանի անմարդկային քայլերն ու հանցագործությունները։ Ինչ վերաբերում է Արտակ Բեգլարյանին, ապա նա 2021-ի հունիսի 1-ից զբաղեցնում է Արցախի պետական նախարարի պաշտոնը։


Պատկերն այլ է արտաքին ճակատում պայքար մղածների պարագայում։ Եռակողմ հայտարարությունից հետո՝ նոյեմբերի 16-ին, պաշտոնից ազատվեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը։ Նրան փոխարինելու եկավ ԱԳ նախարարի տեղակալ Արա Այվազյանը, որը պաշտոնը ստանձնեց նոյեմբերի 18-ին։ Նրա պաշտոնավարումը, սակայն, ևս կարճ տևեց․ 2021 թվականի մայիսի 27-ին նա հրաժարականի դիմում ներկայացրեց։ Հատկանշական է, որ պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում արտաքին գերատեսչությունը ղեկավարած այս անձինք որևէ հստակ հիմնավորում չներկայացրին՝ ինչու լքեցին իշխանական նավակը։ Թե ինչով են զբաղված նրանք պատերազմից մեկ տարի անց, տեղեկատվական որևէ բաց աղբյուրում նշված չէ։


Շարունակելի։


Նարե Գևորգյան

Kommentare


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page