Պատերազմող երկրում ծառայության ժամկետ են կրճատում. Փաշինյանի օգտին քվեարկելու գինը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեկ ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ նախատեսում է կրճատել զինծառայության ժամկետները՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի:
Այս հայտարարությունը ՀՀ կառավարությունը անում է այն ժամանակ, երբ Սյունիքի N զորամասի դիրքերից մեկում՝ դոմիկում, հայտնաբերվեցին 3 ժամկետային զինծառայողների՝ 2002 թվականի ծնվածներ Մուրադ Մուրադյանի, Լևոն Հարությունյանի և Գոռ Սահակյանի դիերը:
Ավելի ուշ պաշտոնապես հայտնի դարձավ, որ նշված հանցագործությունը կատարելու՝ ապօրինաբար դիտավորությամբ վերը նշված զինծառայողներին կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է նրանց համածառայակից, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա. Հ-ն:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
2021 թվականի հունիսի 20-ին կայացած ընտրություններից առաջ արդեն զինվորների շրջանում լուրեր էին տարածել, որ գնան, 3-րդ համարի քվեաթերթիկը վերցնեն, ընտրեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ծառայության ժամկետը կրճատվի, ինչը Սոթք համայնքում ընտրության մասնակից բոլոր զինվորները անում էին մեկ մարդու պես:
Իհարկե, դժվար է ասել՝ ժամկետների փոփոխությունը կազդի արդեն ծառայող զինվորների վրա, թե ոչ, բայց փաստ է՝ կառավարությունը մեծ հաշվով վճարում է զինվորներին ամիսներ առաջ խոսք տված 3-րդ համարի քվեաթերթիկը վերցնելու գինը» :
Comments