«Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները կառաջարկեն պատգամավորներին չտալ 250 000 դրամ գրպանի գումար
- Jul 27, 2021
- 1 min read

«Պատիվ ունեմ» դաշինքը 8-րդ գումարման Ազգային ժողովի ձևավորումից հետո օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու, որով առաջարկելու է չեղարկել 7-րդ գումարման Ազգային ժողովի ընդունած պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական վճարի հնգապատկման վերաբերյալ օրենքը։
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Աննա Մկրտչայնը MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ 250 հազար դրամի հետ կապված համաչափության խնդիր կա, և իրենք խորհրդարանի ձևավորումից հետո նոր նախագիծ կներկայացնեն։
«Յոթերորդ գումարման խորհրդարանն արտահերթ կարգով վերջին պահին ընդունեց այդ նախագիծը, բայց մենք պետք է վերանայենք դա, քանի որ, իրոք, համաչափության խնդիր է առաջանում»,- նշեց նա։
Աննա Մկրտչյանը չբացառեց, որ օրենսդրական նախագիծը ներկայացնելիս իրենք կարող է միանալ «Հայաստան» դաշինքին, որը ևս նույնատիպ նախաձեռնությամբ է հանդես գալու։
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Լիլիթ Գալստյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ յոթերորդ գումարման խորհրդարանը ընդունել է մի նախագիծ, որն այդքան էլ ընդունելի չէ, երբ երկիրը գտնվում է հետպատերազմյան ծանր վիճակում։
«Այդ գումարի չափը, որն ամսվա կտրվածքով հատկացվելու է պատգամավորներին, կարծեք, թե պարգևավճարների արատավոր սխեմայի շարունակությունն է»,- ասաց նա։
Խորհրդարանը հուլիսի 15-ին, արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, ըստ որի՝ հնգապատկվում է պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական գումարը` 50 հազար դրամից դառնալով 250 հազար դրամ:
Comments