Պաշտպանության բանակը կշարունակի ապահովել Արցախի անվտանգությունը
- Aug 19, 2021
- 1 min read

Առաջիկա տարիներին Հայաստանի կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինի Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Այդ մասին ասված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում:
Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը ՀՀ կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամ, հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա:
«Արցախի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են Կառավարության ուշադրության կենտրոնում: Ջանք չի խնայվելու Արցախում արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար: Այս նպատակներին Կառավարությունը հասնելու է Արցախի իշխանությունների հետ համագործակցության խորացման, ինչպես նաև Արցախի հետ գործակցության նոր ձևաչափերի ստեղծման միջոցով»,- ասված է ծրագրում:
Նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
«Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգությունը կշարունակի ապահովել Պաշտպանության բանակը: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը Արցախում անվտանգության կարևորագույն երաշխիք է: Կառավարությունը երաշխավորելու է բոլոր անհրաժեշտ պայմանների գոյությունը խաղաղապահ առաքելության անխափան ու անխոչընդոտ գործունեության համար:
Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար առանցքային կարևորություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բովանդակային բանակցությունների անցկացումը»,- նշված է ծրագրում:
Comments