Պաշտպանության նախարարությունը երկու շաբաթ առաջ բացված ընկերության հետ 20-ից ավելի պայմանագիր է կնքել
- Oct 11, 2021
- 1 min read

ՀՀ պաշտպանության նախարարությունը «Պարադայս» ընկերության հետ ապրանքների գնման պետական գաղտնիք պարունակող փակ պարբերական մրցույթի սկզբնական պայմանագիր է կնքել։
Հատկանշական է, որ այս ընկերության հետ ավելի քան երկու տասնյակ պայմանագիր է կնքվել։ Պայմանագրերով նախատեսվում է, որ նշված ընկերությունն իրականացնելու է մատակարարումից մինչև նորոգման աշխատանքներ, օրինակ, «Գիշերային և օպտիկական սարքերի» ձեռքբերման, նորոգման, ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալության, լվացքի, հեռախոսային, ձայնագրող սարքերի ձեռքբերման ծառայություններ։
Պայմանագրերը կնքվել են 2021թ-ի հունվարի 27-ին, իսկ ընկերությունը պետական գրանցում է ստացել նախնական պայմանագիր կնքելուց 15 օր առաջ՝ 2020թ-ի հունվարի 12-ին։

Ընկերության 100% բաժնետոմսերը պատկանում են Վաղարշ Շահբազյանին։ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Շահբազյանի դեմ գումարի գանձման պահանջով 2016 և 2017թթ-ին երկու դատական հայց է ներկայացվել երկու բանկերի կողմից։ Առաջին դեպքում հայցվորը հետ է վերցրել դիմումը, իսկ մյուս դեպքում հայցը բավարարվել է։
Շահբազյանը ևս մեկ ընկերության՝ «ՎԱՂԱՐՇ ՇԱՀԲԱԶՅԱՆ ՎԱՀԱԳՆԻ» Ա/Ձ-ի սեփականատերն է։

Օնլայն որոնման արդյուքնում այս ընկերությունների մատուցած ծառայությունների մասին որևէ տեղեկություն չհաջողվեց գտնել։
Հետաքրքրական է, որ այս ընկերությունը հունվարից մինչև հունիս ունեցել է ընդամենը 1 աշխատակից։

Արմինե Նավոյան
Comments