Մեր օդային տարածքի համար Ադրբեջանը վճարում է, բայց չկա երաշխիք, որ զենք չեն տեղափոխի․ ավիախորհրդատու
- Oct 6, 2021
- 1 min read

2013թ-ի հոկտեմբերի 23-ին Հայաստանն ընդունել է բաց երկնքի քաղաքականությունը՝ ստորագրելով Եվրամիության առաջարկը, ըստ որի՝ օդային ծառայությունները ստորագրած բոլոր երկրների համար բաց են։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանը՝ անդրադառնալով Հայաստանի տարածքով ադրբեջանական ինքնաթիռների՝ Նախիջևան թռիչքին։
Ավիացիայի մասնագետի խոսքով՝ Ադրբեջանն ինքնակամ էր հրաժարվել Հայաստանի տարածքով թռիչքներ իրականացնելուց, քանի որ նրանք վախենում էին, որ իրենց օդանավը հայերը նշանառության տակ կվերցնեն։
Խաչատրյանի խոսքով՝ այդ համաձայնագիրը չի ենթադրում, որ առանց Հայաստանին տեղյակ պահելու Ադրբեջանը կարող է թռիչքներ իրականացնել մեր օդային տարածքով։
«Ամենախիստ վերահսկվող ոլորտն ավիացիան է, այս դեպքում Ադրբեջանը պետք է դիմում գրի Քաղավիացիայի կոմիտե, որն էլ պետք է հաստատի։ Ընդ որում, չեն կարող չհաստատել՝ համաձայն նրա, որ կառավարությունը նախկինում ընդունել է բաց երկնքի քաղաքականությունը»,- ասաց նա։
Հարցին՝ Հայաստանի օդային տարածքն օգտագործելու համար Ադրբեջանը մեր երկրին գումար վճարելո՞ւ է, Խաչատրյանը պատասխանեց․
«Այո, վճարում է։ Օրինակ՝ 77 տոննայանոց օդանավը՝ «Էրբաս–320»-ը, Հայաստանի օդային տարածքով երկար տարածք հատելու պարագայում մեկ չվերթի համար վճարում է մոտ 500 դոլար»։
Նա նշեց, որ բաց երկնքի քաղաքականությունը վերաբերում է միայն ուղևորափոխադրող և բեռնափոխադրող ինքնաթիռներին։ Դիտարկմանը՝ տեսականորեն, Ադրբեջանը կարող է ռազմամթերք փոխադրել այդ ինքնաթիռներով՝ Խաչատրյանն արձագանքեց․
«Որևէ կերպ չենք կարող վերահսկել, բայց, եթե ինֆորմացիայի արտահոսք լինի, որ, օրինակ, մարդատար մեքենայով զենք են տեղափոխում մեկ այլ երկրի տարածքով, այդ երկիրն ու ավիաընկերությունը մեծ սահմանափակումների ու խնդիրների առաջ են հայտնվելու»,- բացատրեց նա։
Հարցին՝ այս դեպքում ի՞նչ կարող է անել Հայաստանի իշխանությունները՝ Խաչատրյանը խատասխանեց․
«Մեր կառավարությունը պետք է մասնակի չեղարկի այդ երկու երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի համար օդային տարածքի օգտագործումը»։
Խաչատրյանն ընդգծեց, որ ինքը վստահ է՝ պատերազմի ժամանակ «Silk way» ավիաընկերությունը թռչում էր դեպի Թուրքիա և օգտագործում էր Հայաստանի օդային տարածքը հյուսիսային մասում և զենք էր տեղափոխում, որը կիրառվում էին հայ զինվորների դեմ։
Արմինե Նավոյան
Comments