Փաշինյանը 3 տարում այդպես էլ չդարձավ քաղաքական դեմք․ Դավիթ Հարությունյան
- Jun 9, 2021
- 1 min read

Իշխանության նախընտրական քարոզչությունը դժվար է համարել քաղաքկիրթ։ Այդ մասին այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի ասուլիսի ընթացքում ասաց դաշինքի ընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հնչեցրած կոչերին՝ ընդդեմ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների։
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ այս դեպքում գործ ունենք մարդու հետ, որը երեք տարում այդպես էլ չդարձավ քաղաքական դեմք։
«Մենք, ցավոք, գործ ունենք սոցիապատիկ երևույթների հետ․ այդ մարդիկ նման կերպ են արձագանքում իրենց գահավիժող վարկանիշին։ Ավելին, յուրաքանչյուր հանդիպման ժամանակ նա ասում է մտքեր ու նախադասություններ, որոնք առաջացնում են տասնյակ նոր հարցեր, և ամեն անգամ փորձում է դրանք կոմպենսացնել՝ բռնության կոչեր հնչեցնելով»,- նշեց նա։
Ըստ Դավիթ Հարությունյանի՝ որևէ մեկի մոտ մտքեր չեն կարող առաջանալ, թե «վենդետա», «կադրային ջարդ» եզրույթները քաղաքակիրթ են։
Նա կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ներքին փորձության առաջ կանգնեցնել հայ ժողովրդին, այն է՝ ներքին պատերազմի։
Comments