Վստահ եմ, որ Արսենյանը ոչ մի օգուտ չի տալու իր բիզնեսին, որովհետև ինքնաբավ մարդ է․ Վահան Քերոբյան
- Jun 24, 2021
- 1 min read

Այսօր՝ հունիսի 24-ին, կառավարության նիստից հետո Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, խոսելով ՔՊ ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած գործարար Գուրգեն Արսենյանի մասին, ասաց, որ նա իր ճանաչած բացառիկ հայրենասեր մարդկանցից է, որի հետ իր արժեքային համակարգն ամբողջությամբ սինխրոն է։
«Ես վստահ եմ, որ պարոն Արսենյանի մասնակցությունը պետական կառավարմանը միայն օգուտ է տալու հայ ժողովրդին: Վստահ եմ նաև, որ ոչ մի օգուտ չի տալու իր բիզնեսին, որովհետև նա ինքնաբավ մարդ է և լրացուցիչ փող աշխատելու կարիք բացարձակապես չունի:
Հայաստանի օրենքներով արգելված չէ, որ որևէ մեկն ընդգրկվի որևէ կուսակցության ցուցակում: Ես ինձ միշտ վատ եմ զգացել, որ քաղաքականությունն ու բիզնեսն իրարից տարանջատելիս այնպիսի տպավորություն է եղել, որ բիզնեսմենները հանցագործ են: Եթե Վահան Քերոբյանը բիզնեսմեն է, հետո իրեն առաջարկում են նախարարի պաշտոն, նա գալիս է ու սկսում է հարստանալ աչքի առաջ, ապա օրենքներ է խախտում և պետք է պատասխան տա: Իսկ եթե նա գալիս է ամբողջ օրն աշխատում է ազգի համար և տեղյակ էլ չէ, թե իր բիզնեսը ոնց է գնում, դա նույնն է, որ ուրիշ այլ մարդիկ գային ու աշխատեին»,-ասաց նա:
Հարցին, թե ցանկություն ունի՞ շրունակել աշխատանքը կառավարությունում, Վահան Քերոբյանը պատասխանեց. «Եթե հնարավորություն լինի շարունակել ծառայել ժողովրդին, ապա ես պատրաստ եմ»:
Comments