Համաշխարհային պատմություն առարկայից որևէ դիմորդ 20 միավոր չի ստացել․ հայտնի են նախնական արդյունքները
Հունիսի 8-ին մեկնարկել են բուհերի ընդունելության միասնական քննությունները։ Առաջինը դիմորդները քննություն հանձնեցին «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներից, որոնց մասնակցելու համար հայտագրվել են 1505 դիմորդներ։
ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը MediaHub.am-ի հետ զրույցում անդրադառնալով քննությունների նախնական արդյունքներին՝ հայտնեց, որ «Կենսաբանություն» առարկայից հայտագրվել էր 1361 դիմորդ, սակայն քննությանը մասնակցել է 1297-ը։ Միջին գնահատականը եղել է 12․75 միավորը։ Դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 21.2 տոկոսը՝ 274 դիմորդ։
Գերազանց՝ 18-20 միավոր է ստացել 305 դիմորդ, որից 10-ը՝ 20 միավոր։
«Համաշխարհային պատմություն» առարկայից հայտագրվել է 31 դիմորդ, քննությանը մասնակցել է 29-ը։ Նվազագույն շեմը չի հաղթահարել 7 դիմորդ, կամ մասնակիցների 24.1 տոկոսը։ 18-20 միավոր ստացել է 7 դիմորդ, կամ մասնակիցների 24.1 տոկոսը։ Որևէ դիմորդ 20 միավոր չի ստացել։ Ընդ որում, նախորդ տարի որևէ դիմորդ չի հայտագրվել «Համաշխարհային պատմություն» առարկայից քննության համար։
«Աշխարհագրություն» առարկայից հայտագրվել է 187 դիմորդ։ Բոլոր դիմորդները մասնակցել են քննությանը։ Միջին միավորը կազմել է 13.99: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 19 դիմորդ, կամ մասնակիցների 10.2 տոկոսը։ 18-20 միավոր է ստացել 43 դիմորդ, կամ դիմորդների 23 տոկոսը։ 20 միավոր է ստացել 4 դիմորդ։ Ընդ որում նախորդ տարի բացասական էր ստացել դիմորդների 18.4 տոկոսը, իսկ 18-20 միավոր՝ 12.8 տոկոսը։
Նշենք, որ սա քննությունների նախնական արդյունքներն են։
Դիմորդները հնարավորություն ունեն արդյունքները բողոքարկել։
Հավելենք, որ առաջին փուլով քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 հազար 487 դիմորդ: Միասնական քննությունները կավարտվեն հունիսի 25-ին։
Հեղինակ՝ Արմինե Նավոյան
Comments