Պարո՛ն Ղազինյան, դու՝ դասախոս տղա, շիշը քո համար չէր, դու շիշը բռնի՛ր, մի՛ շպրտիր․ Անդրանիկ Քոչարյան
Այսօր ևս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։
Հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ թիմակիցների հետ համակարծիք է և չի ուզում կողմ քվեարկել Արթուր Ղազինյանի թեկնածությանը հատկապես նրա ֆեյսբուքյան գրառումներից մեկի համար, որում նա Փաշինյանի՝ Եռաբլուր կատարած այցը որակել էր որպես մարդասպանի այց իր զոհերի շիրիմներին։
Բացի այդ, Անդրանիկ Քոչարյանը մեղադրեց Արթուր Ղազինյանին ԱԺ-ում տեղի ունեցած շշանետմանը մասնակցելու համար։
«Պարո՛ն Ղազինյան, դու դասախոս տղա, շիշը քո համար չէր, դու շիշը բռնի՛ր, մի՛ շպրտիր, թեկուզ քեզ խփեն»,- իր բնորոշմամբ՝ էքսպրոմտով նշեց նա։
Բացի այդ, Անդրանիկ Քոչարյանը նկատեց՝ հատուկ ուղղություն չկար շիշը նետելու։
«Դու բոյով տղա ես, շիշը քեզ կպավ, օդի պաշտպանվածությունից ես խոսում, հո սաղս բայրաքթար բռնող չենք»,- ասաց նա։
Comments