«Քողարկված ոչմիթիզականից»՝ «քաղաքական մուրացկան» Սարգսյանի դաժան գնահատականները՝ Նիկոլ Փաշինյանին
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ տևական ժամանակ անոնսավորված հարցազրույցը երեկ տեղի ունեցավ։ Մեծ իմաստով՝ դա պատասխան էր Նիկոլ Փաշինյանի երկու առցանց ասուլիսներին, որոնց հիմնական թիրախը Սերժ Սարգսյանի ղարաբաղյան քաղաքականությունն էր կամ այն ժառանգությունը, որը Փաշինյանի իշխանությունը ստացել էր նախորդից։
Սերժ Սարգսյանը իդեալական կերպով, կոնկրետ փաստերով մերկացրեց Փաշինյանի փաստարկները ու արձանագրեց երկու բան, որ արդեն իսկ ակնհայտ էր` Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում բանակցային գործընթացի էությանը ու կրկնում է Իլհամ Ալիևի թեզերը։
Հարցազրույցի էական դրվագներից մեկն այն էր, երբ երրորդ նախագահն, ըստ էության, տվեց նախապատերազմյան շրջանի Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան քաղաքականության էպիկրիզը՝ «քողարկված ոչմիթիզական։ Սրանով Սարգսյանն արձանագրեց պատերազմի սանձազերծման հարցում Փաշինյանի քաղաքական պատասխանատվությունը։
Հարցազրույցի այլ դրվագում Սերժ Սարգսյանն, ըստ էության, ցույց տվեց Փաշինյանի քաղաքական տրանսֆորմացիան՝ «ոչմիթիզականից»՝ «քաղաքական մուրացկան»․ «Մեր հասարակության այն հատվածը, որը համարում է, որ Արցախը հայկական է, այն մասը, որը համարում է, որ մենք ի վիճակի ենք ուղղել մեր մեջքը, կոչ եմ անում բոլոր այդ մարդկանց, որ համախմբվենք ու սրանից (իշխանությունից) պահանջենք, որ դադարեցնեն այդ քաղաքական մուրացկանությունը: Խաղաղություն աղերսելը երբեք չի բերել խաղաղության»։
Իհարկե, Սերժ Սարգսյանը քաղաքական և հանրային կոնսոլիդացիայի կոնկրետ ձևաչափեր ու բանաձևեր չնշեց։
Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ երեկ հերթական անգամ նշեց երրորդ նախագահը։ Նման ձևակերպմամբ՝ նա, անշուշտ, հակադրվում էր Փաշինյանի վերջին զույգ ասուլիսների թեզերին, սակայն գոնե երեկ երրորդ նախագահը չմանրամասնեց, թե ի՞նչ ռեսուրսներով, բանակցային ի՞նչ օրակարգով հայկական կողմը պետք է հետամուտ լինի իր թեզի առարկայացմանը՝ որպես կարգավորման արդյունք։
Հարցազրույցն, անշուշտ, հետաքրքիր էր, բայց կարծում ենք՝ Սարգսյանը ոչ թե վերջակետ դրեց, այլ հնչեցրեց բազմաթիվ հարցեր, որոնք քաղաքական ու հանրային դիսկուրսի թեմա կարող են դառնալ։
Վահրամ Բագրատյան
Comments