Պարբերաբար ստուգվում է շուկայում իրացվող ձմերուկը. ՍԱՏՄ
- Aug 19, 2021
- 1 min read

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Հայաստանի ամբողջ տարածքում պարբերաբար պտուղ-բանջարեղենի, այդ թվում՝ ձմերուկի մոնիտորինգ է իրականացնում` պարզելու, թե արդյոք դրանք անվտա՞նգ են քաղաքացիների համար:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՍԱՏՄ բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը նշեց, որ տեսուչները ստուգումներն իրականացնում են բերքահավաքի ժամանակ՝ հենց աճեցման վայրերում:
«Ստուգվում է ոչ միայն նիտրատների, այլ նաև պեստիցիդի և ծանր այլ մետաղների առկայությունը: Օրինակ` նիտրատների չափաքանակը իմանալու համար անպայման պետք է լաբորատոր փորձաքննություն իրականացվի: Շուկայում գնված անհայտ էքսպրես սարքերի սխալի տոկոսը շատ մեծ է, և այն որպես հիմք ընդունելն իմաստ չունի: Ստուգումներն իրականացվում են աճեցման վայրերում բերքահավաքի ժամանակ, երբ այն արդեն հասունացել է, իսկ ներմուծված պտուղ-բանջարեղենն անմիջապես սահմանին է նմուշառվում և լաբորատոր փորձաքննություն իրականացվում»,- ասաց Նիկոյանը:
ՍԱՏՄ բուսասանիտարիայի վարչության պետը նշեց, որ ներմուծված պտուղ-բանջարեղենի շրջանում խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ տեղական արտադրության մասով Նիկոյանը նշեց, որ ստուգումները դեռևս ընթացքի մեջ են:
ՍԱՏՄ բուսասանիտարիայի վարչության պետը նաև անդրադարձավ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում աղմուկ հանած տեղեկությանը. օգտատերերից մեկն ահազանգել էր, որ նիտրատ չափող սարքի միջոցով ստուգել է ձմերուկը և պարզել, որ նիտրատի չափաբաժինը 3-4 անգամ գերազանցել է նորմը: Նիկոյանը նշեց, որ պարզ չէ, թե որտեղ, երբ և ինչ սարքով է արվել ստուգումը: ՍԱՏՄ բուսասանիտարիայի վարչության պետը ևս մեկ անգամ ընդգծեց, որ այդ սարքերն ունենում են սխալի մեծ տոկոս, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է իրականացնել լաբորատոր փորձաքննություն:
«Դրա համար չի կարելի սարքի տվյալները որպես հիմք ընդունել, աժիոտաժ և խուճապ տարածել մարդկանց մեջ»,- եզրափակեց Նիկոյանը:
Comentários