top of page

«Բարոյական իրավունք չունենք մի կողմ քաշվել և անտարբեր հետևել պետության կործանման ընթացքին». Սարգսյան

  • May 15, 2021
  • 1 min read


«Հուշագրի ստորագրմամբ կմեկնարկի այս փուլի մեր պատվի գործը, այն է՝ առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի շնորհիվ հեռացնել պետության կառավարումը ձախողած, ժողովրդի ապագան և պետականությունը վտանգի տակ դրած պատվազուրկ և կապիտուլյանտ իշխանություններին, վերականգնել ՀՀ լիարժեք ինքնիշխանությունը, վերադարձնել մեր ժողովրդին իր հայրենիքում խաղաղ ապրելու, անվտանգ և արժանապատիվ արարելու իրավունքն ու վաղվա օրվա նկատմամբ հավատը: Մենք չենք կարող և բարոյական իրավունք չունենք մի կողմ քաշվել և անտարբեր հետևել պետության կործանման ընթացքին»,- այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի կազմավորման արարողության ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։


Նրա խոսքով, աշխարհաքաղաքական զարգացումները, գրեթե ամենուր լարվածության աճը, Հայաստանի հարևանությամբ տեղի ունեցող իրադարձությունները, երկրին անմիջականորեն սպառնացող վտանգները և այս ամենի ֆոնին ՀՀ գործող իշխանությունների ոչ համարժեք վարքագիծը լավատեսության ոչ մի հիմք չեն տալիս՝ հուսալու, որ նման պայմաններում հնարավոր է կարողանալ գրագետ, ճիշտ հաշվարկված քայլերով կանխել վերահաս վտանգը, դուրս գալ կործանարար շրջափուլից ու պետության ընթացքը տեղափոխել անվտանգ ու զարգացման ռելսերի վրա:


«Իսկ դա հնարավոր է, միանգամայն հնարավոր է առանց իշխանությունը զավթած պոպուլիստների, որոնք պետությունը լայն քայլերով տանում են դեպի վերջնական կործանում»,- վստահեցրեց Սերժ Սարգսյանը:


ՀՀ երրորդ նախագահը հիշեցրեց՝ ժամանակին իրենք հայ ժողովրդին հաղթանակ են բերել։ Ըստ նրա, թե՛ հայրենիքում, թե՛ աշխարհի ցանկացած կետում հայը քայլել է գլուխը բարձր՝ որպես հաղթանակած ժողովրդի զավակ, որպես հաղթանակած ժողովրդի ներկայացուցիչ։


«Մենք այդ հպարտությունը վերադարձնելու ենք, անհնարին ոչինչ չկա»,- շեշտեց Սերժ Սարգսյանը։


Անդրադառնալով «Հայրենիք» կուսակցության հետ դաշինք կազմելուն՝ Սերժ Սարգսյանը նշեց, որ Արթուր Վանեցյանը ժամանակին է զգացել վտանգները և խոսել դրանց մասին, բայց, ավաղ, նրան չեն լսել:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page