«Իբր տարածք ունենք, մի հատ էլ հետ ենք գնո՞ւմ». Շադունց. «Փաստինֆո»
- May 30, 2021
- 2 min read

Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ վարչական տարածքում իրավիճակը նորմալ է, տվյալ պահին սահմանապահներն ու գյուղի կամավորները բանակային կորպուսի հետ միասին հսկում են սահմանները, որպեսզի թույլ չտան ադրբեջանական կողմի սադրանքների կրկնությունը։ Թե ինչքանով կկարողնանան՝ ժամանակը ցույց կտա։
Մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ առանց թույլտվության հատել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքի Խոզնավար գյուղի հատվածում պահպանվող պետական սահմանը, 1,5 կմ առաջացել։ Շադունցը հիշեցրեց` կես ժամ անց տղաների հետ միասին դուրս են հանել ադրբեջանցիներին։
«Որոշները գրում են՝ ինչի՞ պատանդ չեք վերցրել, մենք հանձնարարությունը ենք կատարում, բանակային կորպուսի հրամանատարի հետ ենք համագործակցում։ Եթե հրաման կտա, հնարավորություն կունենանք դա էլ կանենք։ Հանված են, իրենց տեղում չեն։ Նույնիսկ Խոզնավար տանող ճանապարհի ցուցանակն էլ են փոխել։ Էն որ գրում էին ցուցանակը փոխեք, դա էլ է փոխվել»։
Համայնքի ղեկավարը Խոզնավարի, Վաղատուրի, Խնածախի տղամարդկանց զինել է, համայնքը ինքնապաշտպանական ջոկատ է կազմել ու հայկական կողմը ինժեներական աշխատանքներ է կատարում։ Շադունցը նշեց, որ ամեն ինչի կարիք էլ ունեն՝ եթե ցանկություն կլինի օգնելու՝ դեմ չեն։
«Որոշ մասնագետների ցուցումով ենք կատարում, որպեսզի կարողանանք հավուր պատշաճի անել աշխատանքները։ Նորմալ է, պետք չէ անհանգստանալ, պետք չէ բայց շատ արխային մնալ»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ զորքերը հետ քաշելու ու միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկին, Շադունցը տեղեկացրեց, որ այսքան ժամանակ իշխանության ներկայացուցիչների ասածով ոչինչ չի եղել՝ խաղաղություն են խոստացել, փոխարենը՝ ադրբեջանցիներն առաջացել են ՀՀ տարածք։ Խոստումն էլ տրվել է հունվարի 11-ի փաստաթուղթը ստորագրելուց մեկ օր առաջ՝ անձամբ պաշտպանության նախարարը։
«Յանի մի հատ տարածք ունենք, մի հատ էլ հետ ենք գնո՞ւմ։ Նիկոլ Փաշինյանը չգիտեմ ինչ է ասել։ Պաշտպանության նախարարին էլ մեզ մոտ էր ուղարկել հունվարի 11-ի խայտառակ փաստաթուղթը ստորագրելուց հետո։ Համայնքի ղեկավարներին համոզում էր՝ դուրս գալ, որովհետև համաձայնագրի առաջին կետը մեզ չի վերաբերում, ասում էր՝ «դուրս եկեք, չպայքարեք, թող իրենք գան իրենց բնագծերում կանգնեն՝ էլ ոչ մի կարակոց չի լինելու, այսօրվանից սկսվում է խաղաղությունը»։ Ուզում եմ հարց տալ՝ բա ո՞ւր մնաց ասածը, բա ի՞նչ եղավ։ Որ համայնքի ղեկավարներով գոռում էինք, ասում ՝ դուրս գալը հիմա ճիշտ չէ՝ ինչ եղավ։ Ինչի հիմա Ադրբեջանը հանգիստ չի մնում՝ իր բնագծում չի կանգնում։ Ես հարց եմ տալիս պաշտպանության նախարարին՝ որ մեզ համոզում էր՝ ասում, դուրս եկեք, ամեն ինչ նորմալ է».- ասաց Տեղ համայնքի ղեկավարը։
Շադունցը նշեց, որ ժամանակին բոլորն անհանգստացած էին Արցախում տիրող իրավիճակով, շատերը պահանջում էին զավակներին ՀՀ տարածքում ծառայության ուղարկել, հիմա նույն խնդիրները նաև ՀՀ տարածքում կան։
Comentarios