Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Վարչապետը գոհունակություն է հայտնել Հայաստան-Եվրամիություն երկխոսության դինամիկ ակտիվացման կապակցությամբ և նշել, որ մեր երկիրը կարևորում է ԵՄ հետ գործընկերության շարունակական զարգացումը:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը վարչապետ Փաշինյանին է փոխանցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջերմ ողջույնները և նշել, որ ԵՄ-ն հանձնառու է խորացնելու գործընկերությունը Հայաստանի հետ:
ՀՀ վարչապետը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարգի շուրջ: Քննարկվել են տարբեր ձևաչափերով, ներառյալ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում փոխգործակցության խթանման հեռանկարները:
Զրուցակիցներն անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին և տարածաշրջանային նշանակության մի շարք հարցերի: Կողմերը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերսկսումը՝ ընդգծելով այդ ձևաչափի նշանակալիությունը:
Տոյվո Կլաարն ընդգծել է՝ Եվրոպական միությունը պատրաստակամ է օժանդակել տարածաշրջանում վստահության և երկխոսության մթնոլորտի հաստատման գործընթացին, որը կնպաստի խաղաղության և կայունության ապահովմանը:
留言