Սնանկության գործով կառավարիչների թիվն ավելացել է յոթով
- Jul 15, 2021
- 1 min read

ՀՀ արդարադատության նախարարությունում հուլիսի 14-ին սնանկության գործով կառավարչի որակավորման վկայականներ են հանձնվել որակավորման եռափուլ ստուգումը հաղթահարած յոթ անձի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մինչ վկայականների հանձնման արարողությանն անցնելը՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է անցկացված գործընթացը և նշել, որ ՀՀ կառավարության մոտեցումն է՝ յուրաքանչյուր ոլորտում մասնագիտացման և որակավորման հիմքում պետք է դրված լինի հատուկ կրթություն ստանալու, որակավորման պատշաճ և օբյեկտիվ գործընթացով անցնելու, այդ գործընթացի հավասարությունը, օբյեկտիվությունն ու հասանելիությունը ապահովելու սկզբունքները։
«Հենց այդ նպատակով 2019 թվականին կատարվեցին օրենսդրական բարեփոխումներ սնանկության ոլորտում, հիմնովին փոխվեց սնանկության կառավարիչների որակավորման կարգը, նախկին ստաժավորման պահանջի փոխարեն ներդրվեց հատուկ ուսուցման մոտեցում, որից հետո նոր հնարավորություն ընձեռնվեց այդ գործընթացով անցած անձանց մասնակցելու որակավորման բարեփոխված ստուգմանը»,- ասել է փոխնախարարն ու ստուգման որակի խոսուն վկայությունը համարել երկու ամիս տևած ուսուցումից հետո շուրջ 30 թեկնածուից ընդամենը յոթի՝ այս փուլ հասնելը։
Comments