Սնդիկն ավելի կարևո՞ր է երկրի անվտանգությունից․ ի՞նչ հարցեր են քննարկվում երկրի թիվ մեկ ամբիոնում
- Nov 16, 2021
- 1 min read

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, մեկնարկել է ԱԺ քառօրյան, որի օրակարգում ընդգրկված է 33 հարց՝ սնդիկից մինչև «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելը։
Հատկանշական է, որ ԱԺ օրակարգ բերած հարցերի գերակշռող մասի հեղինակը կառավարությունն է, սակայն դրանցից որևէ մեկը չի վերաբերում ՀՀ սուվերեն տարածք ներխուժած թշնամուն, հայկական ճանապարհները Ադրբեջանին հանձնելուն և դրանց պատասխանատուներին։
Խորհրդարանական ընդդիությունը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, սակայն, նիստի մեկնարկին հայտարարեցին, որ չեն մասնակցելու ԱԺ աշխատանքներին նշված օրակարգով, քանի որ Հայաստանի առաջ ծառացած օրհասական հարցերից զատ, քննարկման այլ հարցերն անիմաստ են:
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նաև գրությամբ դիմել են ԱԺ նախագահին՝ «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների և պահվող այլ անձանց ճակատագիրը պարզելու և հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու համար։ Այդ հարցը ներառվել է ԱԺ նիստի օրակարգում։
Թե ինչու է կառավարությունն ավելի կարևորում, օրինակ, սնդիկի հարցը երկրի անվտանգային հարցից, հայտնի չէ, բայց տպավորություն է, որ ղեկավարությունը կա՛մ իրավիճակից իրենց ընդունելի ելքի համար երաշխիքներ է ստացել, կա՛մ հաշտվել են թշնամու պահանջատիրական նկրտումների հետ և պատրաստ են մշտական զիջումների։
Արմինե Նավոյան
Comments