«Իշխանությունների պահվա՞ծքն է ավելի անցենզ, թե՞ իմ ասած «ցենզուրա» բառը»․ Սոֆյա Հովսեփյան
«Երբ նախորդ տարիներին ես ասում էի՝ պետք է հեռուստաեթերի համար ցենզուրա սահմանել, իմ գործընկերներն այդ բառն ընդունում էին որպես հայհոյանք, վիրավորական արտահայտություն»,- այսօր խորհրդարանում իր ելույթի ընթացքում ասաց անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Նա, խոսքն ուղղելով իշխանական խմբակցության պատգամավորներին, հարց հնչեցրեց՝ արդյո՞ք նրանք գոհ են այսօրվա հեռուստաեթերից, և արդյո՞ք իրենց վերաբերմունքն է ավելի անցենզ, թե՞ այն, որ ինքը հնչեցրել է «ցենզուրա» բառը։ «Հանրությունը պետք է վերջապես արժեհամակարգ ձևավորի, և այդ արժեհամակարգը պետք է ձևավորվի հենց մեր գործունեության արդյունքում։ Եվ որքան էլ իշխող խմբակցությանը դուր չեկավ այն հանգամանքը, որ ցենզուրան պիտի մտնի հեռուստաեթեր, ես պնդում եմ, որ դա պետք է լինի, քանի որ դրա հետևանքը քաղում է մեզնից յուրաքանչյուրը»,- կարծիք հայտնեց անկախ պատգամավորը։ Ըստ Սոֆյա Հովսեփյանի, պատերազմի օրերին էլ ավելի ակնհայտ դարձավ, թե ինչ վիճակում է եթերը, թե որքան կարևոր տեղեկություններ հրապարակվեցին, ինչ հետևանքներ ունեցան դրանք։
««Հանրային հեռուստաընկերության» եթերում կա մի հաղորդաշար՝ «Հարցազրույց Պետրոսի հետ», և ամեն անգամ ուզում եմ հարցնել՝ արդյո՞ք լրագրողական էթիկա հասկացողությունը ««Հանրային հեռուստաընկերությունում» գործում է, թե ոչ, արդյո՞ք այդ հաղորդաշարի ժամանակ հաղորդավարը չի հրավիրում հյուրին՝ պաշտպանելու պետության շահերը։ Եվ արդյո՞ք «Հանրային հեռուստաընկերության» միակ գործառույթը պետության շահերը պաշտպանելն է, և արդյո՞ք Պետրոս Ղազարյանն իրավունք ունի եթերում մինչև վերջ նվաստացնելու մարդուն»,- նշեց նա։ Ըստ նրա, «Հ1»-ի եթերում միայն Պետրոս Ղազարյանի հաղորդումն արդեն իսկ բռնության դրսևորում է, և ՀՌԱՀ-ը պետք է խիստ ուշադրություն դարձնի այդ հաղորդմանը։ «Եվ եթե ընդդիմադիր գործիչը հանկարծ ռիսկ ունենա ու նրան հյուր գնա, մինչև վերջ ստորացվելով «Հ1»-ից դուրս է բերվում»,- նկատեց Սոֆյա Հովսեփյանը։
Comments