Սուրեն Սահակյանը «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամակցությունից դուրս գալու դիմում է գրել
- Jul 26, 2021
- 1 min read

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ընկերներիս ու հանրությանն ուզում եմ տեղեկացնել, որ ՔՈ կուսակցության անդամակցությունս դադարեցնելու դիմում եմ գրել։ Ուզում եմ ամենահետաքրքրասերները վստահ լինեն՝ ՔՈ-ի հանդեպ ամենաջերմ զգացումներն ունեմ, այնտեղ էին ու դեռևս են մարդիկ, որոնք հոգով ինձ հարազատ են, ընդհանուր գաղափարներով՝ նույնական։ Սակայն ժամանակներն ու դրանց տրամաբանությունը փոխվում են։ Ըստ իս, եթե մինչև ընտրությունները պետք էր յուրաքանչյուր քաղաքական թիմ իրեն աջակցության մասին օբյեկտիվ պատկեր ստանա, ապա ներկայումս մեծ միավորումների ժամանակն է։ Սա երկար է քննարկվել, թե՛ մինչև ընտրությունները, թե՛ դրանից հետո և այս որոշումը պահի տակ կայացված որոշում չէ։
Վստահ եմ՝ կուսակցությունը ո՛չ կնիքն է, ո՛չ էլ պետական ռեգիստրում գրացման վկայականի թվերը։ Կուսակցությունը քաղաքական միտքն է, որ կրում են մարդիկ ու նրանց միավորումները։
Թե ինչպես կշարունակվի ֆորմալ քաղաքական ի՛մ ճանապարհը, լրացուցիչ կտեղեկացնեմ»:
Bình luận