Ես վստահ չեմ, որ բանակցություններ կան Ադրբեջանի հետ․ Սուրեն Սարգսյան
- May 17, 2021
- 3 min read

MediaHub.am-ը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում տիրող իրավիճակի, տարվող աշխատանքների վերաբերյալ զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ։
-Պարոն Սարգսյան, ըստ Ձեզ, ինչո՞ւ Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական կողմի հետ տարվող բանակցությունները մինչ այժմ արդյունք չեն տալիս։
-Անկեղծ ասած ես վստահ չեմ, որ բանակցություններ կան, ես գիտեմ, որ Ռուսաստանը փորձում է միջնորդել, որպեսզի Ադրբեջանը դուրս գա այդ տարածքներից։ Ադրբեջանը ըստ էության մերժել է այդ առաջարկը և չի պատրաստվում լքել Հայաստանի սուվերեն տարածքը։ Ես վստահ չեմ, որ հայկական կողմը էֆեկտիվ բանակցություններ է վարում, վստահ չեմ, որ հայկական կողմը ունի լավ ստարտային պայմաններ բանակցություններ վարելու համար, կարծում եմ, որ սա է պատճառը, որ դեռևս այստեղ որևէ առաջխաղացում չկա։
-Երեկ ոչ պաշտոնապես, բայց հայտարարվեց, որ բանակցությունները ավարտվել են հօգուտ հայկական կողմի և ադրբեջական կողմը պետք է դուրս գա Հայաստանի սուվերեն տարածքից։ Ըստ ձեզ, ո՞ր շրջանակների կողմից և ինչո՞ւ նման թեզ առաջ քաշվեց։
-Անկեղծ ասած դժվարանում եմ պատասխանել, իսկ հայկական կողմի հայտարարություններին էլ դժվարանում եմ վստահել, որովհետև 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ իրականության հետ աղերս չունեցող հայտարարություններ են անում այս իշխանությունները։ Համենայն դեպս մենք փաստացի ունենք մի իրավիճակ և որևէ բան չի փոխվել՝ ադրբեջանցիները շարունակում են գտնվել Հայաստանի սուվերեն տարածքում։
-Սյունիքում ադրբեջանցիների գտնվելը հարևան Իրանի համար ի՞նչ սպառնալիքներ է իր մեջ պարունակում։
-Բնականաբար Սյունիքը Հայաստանի արտաքին սահմանն է, նաև արտաքին սահման Իրանի համար։ Սյունիքն իրանի համար սկզբունքային սահման է, որովհետև Իրանը նաև Եվրասիական միությանն է ցանկանում անդամակցել, ամեն դեպքում բանակցություններ հիմա ընթանում են, իսկ Հայաստանը միակ ԵԱՏՄ անդամ երկիրն է, որ ընդհանուր սահման ունի ցամաքային Իրանի հետ։ Սա բնականաբար Իրանի համար Հայաստանի կարևորությունն է ընդգծում և Իրանը բազմիցս հայտարարել է, որ կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականություն է։
-Ադրբեջանն այս քայլով փորձում է Սյունիքում իր դիրքերն ամրապնդելով Նախիջևանի հետ ցամաքային հաղորդակցություն ապահովել, թե՞ փորձում է այլ խնդիրներ ևս լուծել։
-Այս քայլը բնականաբար հեռահար նպատակներ ունեցող պրոցես է և այդ պրոցեսը շարունակական գործընթաց է։ Թուրքիայի համար ևս Սյունիքը կարևոր նշանակություն ունի, որովհետև նա ցանկանում է ցամաքային սահման ունենալ Ադրբեջանի հետ՝ Նախիջևանի միջոցով և այդ ուղղությամբ, իհարկե, պարբերաբար ոտնձգություններ իրականացրել է և առիթներ է փորձել գտնել, որպեսզի հասնի իր ուզածին, այնպես որ Թուրքիայի համար ևս սա չափազանց կարևոր տարածք է։
-Որքանո՞վ եք հնարավոր համարում լուրերն այն մասին, որ Հայաստանը հնարավոր է արդեն գործարքի է եկել թշնամու հետ և Սյունիքով միանգամից 3 միջանցք է տրվելու նրանց։
-Անկեղծ ասած որևէ բան չեմ կարող բացառել Հայաստանի իշխանությունների կողմից տարվող քաղաքականության տեսանկյունից, որովհետև խոսքն ու գործը իրար հակասում են շատ հաճախ։ Թե ինչ տեղի կունենա, կարծում եմ, որ առաջիկա օրերին կհասկանանք, բայց նորից եմ ասում, որևէ բան չեմ ուզում բացառել՝ հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների՝ շատ հաճախ անադեկվատ քայլերը։
-Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ բանակցությունները շարունակվելու են վաղը։ Ըստ Ձեզ, բանակցային գործընթացի այս ընդմիջումն ինչի համար է և ո՞ր կողմին էր ձեռնտու։
-Անկեղծ ասած այս հարցին ևս կդժվարանամ պատասխանել․ միգուցե Ռուսաստանի միջնորդության համար է ինչ որ ժամանակ տրվել, որպեսզի Ռուսաստանը շարունակի կազմակերպել բանակցային պրոցեսը։ Նորից եմ ասում, քանի որ այս իշխանություններին չի կարելի վստահել, չեմ վստահում, հետևաբար նրանց հայտարարությունները չեմ կարող հստակ մեկնաբանել՝ որպես բացարձակ ճշմարտություն։
-Որքանո՞վ եք իրատեսական համարում ադրբեջանական որոշ շրջանակների կողմից տարածվող այն տեղեկությունները, որ Սյունիքի միջանցքը հանձնելու ուղղությամբ արդեն կա պայմանավորվածություն։ Արդյո՞ք սա կարելի է համարել տեղեկատվություն ուղղված հայ հասարակությանը, քանի որ պաշտոնական Երևանը որևէ տեղեկատվություն չի տրամադրում բանակցությունների ընթացքի վերաբերյալ։
-Նորից նույն խնդրին ենք բախվում. Հայաստանի կողմից տեղեկատվություն չի տրամադրվում, իսկ Ադրբեջանը կարող է ցանկացած տեղեկություն հրամցնել մեր հանրությանը, դրա համար մենք պետք է փորձենք մեդիադաշտում չափազանց զգույշ լինել և գրագետ գործել։ Մեր իշխանությունները, ցավոք սրտի, ոչ միայն գրագետ չեն աշխատում հանրության հետ, այլ նաև ընդհանրապես որևէ ուղղությամբ գրագետ չեն աշխատում, դրա համար էլ հենց այս վիճակը ձևավորվել է։
Comentarios