Ռուսական զորքերը՝ Սյունիքի անվտանգության լրացուցիչ երաշխիք․վերլուծություն
- May 28, 2021
- 1 min read

Հայաստանը Սյունիքում հողեր է տրամադրում Ռուսաստանի սահմանապահներին: Կառավարությունն ընդունել է «Որպես նվիրատվություն գույք ընդունելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով գույք հատկացնելու մասին» որոշում՝ ՀՀ հարավ-արևելյան սահմանների պաշտպանության ամրապնդման անհրաժշտությամբ պայմանավորված:
Կապան, Մեղրի և Տեղ համայնքներում անհատույց օգտագործման իրավունքով հող կհատկացվի ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ՀՀ-ում տեղակայված սահմանապահ վարչությանը:
Հարավային Կովկասում արցախյան պատերազմից հետո ստեղծվել է նոր ստատուս-քվո՝ թուրքական գործոնի ուժեղացման զսպման համար ռուսական և իրանական կողմերն ակտիվացրել են իրենց քաղաքականությունը Հայաստանի ուղղությամբ: Իրանը Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է սահմանել ոչ դիվանագիտական լեզվով դա նշանակում է, որ Հայաստանի վրա հարձակումը կարող է դիտվել, որպես հարձակում Իրանի վրա հարձակվող կողմերի համար դրանից բխող հետևանքներով: Իրանը ռազմաքաղաքական աջակցություն է պատրաստ տրամադրել Հայաստանին՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հարձակման պարագայում:
Սյունիքում ռուսական սահմանապահ զորքերի՝ ռուսական ռազմական բաղադրիչի տեղակայումը շատ կարևոր քաղաքական մեսիջ է Բաքվին և Անկարային։ Սյունիքը գրավելու համար նրանք արդեն պետք է հարձակվեն ռուսական զորքերի վրա միջուկային գերտերություն Ռուսաստանի վրա հարձակում իրենց կարող են թույլ տալ միայն խենթերը:
Արցախյան պատերազմից հետո Սյունիքի անվտանգությունը դարձել է գերխնդիր՝ Հայաստանը պետք է օգտագործի ռուսական ռազմական ներկայությունն այդ մարզում, որպես լրացուցիչ անվտանգության երաշխիք, սակայն հայկական զինված ուժերը պետք է ստանձնեն Սյունիքի անվտանգության ապահովման հիմնական պատասխանատվությունը:
Սյունիքը պետք է վերածվի ռազմականացված ամրոցի, համայնքներում ստեղծվեն մոբիլ ջոկատներ, սահմանամերձ շրջանների պաշտպանությանն աջակցելու համար։ Սյունիքում պետք է տեղակայվեն ՀՀ զինված ուժերի ամենաէլիտար, հատուկ պատրաստված ստորաբաժանումները:
Նշենք, որ Ադրբեջանը Նախիջևանը վերածել է ռազմական բռունցքի՝ այդ բռունցքն ուղղված է Սյունիքի և Երևանի դեմ: Հայաստանը պետք է լրջագույն հետևություններ անի Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար: Այդ մարզը երկու կողմերից շրջապատվել է ադրբեջանական զորքերով։ Դա նշանակում է, որ ապագա հնարավոր պատերազմում Սյունիքը պետք է պատերազմի երկու ճակատներով՝ չունենալով ռազմավարական խորություն:
Comentários