Սյունիքի մարզպետի որդու կալանավորումը վերահաստատելու միջնորդություն է ներկայացվել. «Փաստինֆո»
- Sep 24, 2021
- 1 min read

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն՝ Կարեն Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին «Փաստինֆո»֊ին հայտնեցին ՔԿ֊ից։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր արդեն քննել է միջնորդությունը, սակայն դատարանի որոշման վերաբերյալ տեղեկություն դեռևս առկա չէ։
Վարույթն իրականացնող մարմնից խոստացան դատարանի որոշման դեպքում տեղեկություն տրամադրել ավելի ուշ։
Հուլիսի 14-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ 33-ամյա Կարեն Պողոսյանի և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջեւ առաջացած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձի, զենքի գործադրմամբ խուլիգանության և ապօրինի կերպով հրազեն պահելու հատկանիշներով: Հարուցված քրեական գործի շրջանակներում Կարեն Պողոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նա մեղադրվում է սպանության փորձի և ապօրինի հրազեն պահելու մեջ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում երկու անձ տուժող է ճանաչվել։
Շուրջ երկու ամիս հետախուզման մեջ գտնվելուց հետո Պողոսյանին գտնել իրավապահները չեն կարողացել ու հայտարարվեց, թե նա սեպտեմբերի 22֊ին ինքնակամ է ներկայացել է ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն, ու տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ։
Comments