top of page

Թալինում ընդդիմությունը դատի է տվել ընտրական հանձնաժողովին․ ավագանու մանդատ է պահանջում

  • Jan 27, 2022
  • 2 min read

Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու «Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնքը» խմբակցությունները դատական հայց են ներկայացրել տարածքային ընտրական հանձնաժողովի դեմ՝ ավագանու անդամի մանդատը ցուցակում հաջորդին փոխանցելու պահանջով, 24 news.am-ին ասել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու Արա Զոհրաբյանը։


Թալին խոշորացված համայնքում դեկտեմբերի 17-ին ավագանու ձայների մեծամասնությամբ համայնքապետ էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տավրոս Սափեյանը, ով քվորում չլինելու պատճառով մինչ օրս չի երդվել՝ ստանձնելու համար լիազորությունները։ Դեկտեմբերի 17-ին ինչ-որ ճնշումների հետևանքով «Հայք» կուսակցության ցուցակը գլխավորող Կարեն Գրիգորյանը քվեարկել էր ՔՊ-ական Սափեյանի օգտին։


Զոհրաբյանն ասել է, որ Գրիգորյանը ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել հունվարի 17-ին, սակայն տարածքային ընտրական հանձնաժողովը մանդատը չի տրամադրում կուսակցության հաջորդ թեկնածուին։


«Հիմա մանդատի փոխանցումը դժվարացնում են, որպեսզի 3 ուժերից կազմված դաշինքը մեծամասնություն չլինի ավագանու նիստի ժամանակ։ Ասում են՝ քանի որ համայնքի ղեկավարը չի երդվել, հետևաբար, լիազորությունները չի ստանձնել, իսկ ընթացակարգի համաձայն՝ նա պետք է արձանագրություն կազմի, ուղարկի ՏԸՀ։ Այսպես արհեստական խնդիրներ են ստեղծում։ Մենք հիմա դա փորձում ենք հաղթահարել։ Զուգահեռաբար էլ նաև քվորում չի լինում, Սափեյանը չի կարողանում երդվել ու ստանձնել լիազորությունները։ Բողոքարկվել է ԿԸՀ-ին, նա մերժել է, հիմա բողոքարկել ենք դատարան», - նշել է «Զարթոնքի» ղեկավարը։


Զոհրաբյանն ասել է, որ Վարչական դատարան ներկայացված հայցով պահանջում են պարտավորեցնել մանդատը փոխանցել նոր անդամին, պատասխանող կողմերն են կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովները, դատական նիստը նշանակված է փետրվարի 4-ին։


ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը 24 news.am-ին ասել է, որ մանդատը փոխանցելու համար համայնքը պիտի արձանագրություն ուղարկի, ոչ թե մանդատից հրաժարվելու դիմում։


«Արձանագրություն այն մասին, որ դադարեցվել են ինչ-որ մեկի լիազորությունները։ Նույն բանն է, որ մեզ Ազգային ժողովից ոչ թե արձանագրություն ուղարկեն, որ պատգմավորի լիազորությունները դադարեցվել են, այլ, որ այսինչը ներկայացրել է մանդատից հրաժարվելու դիմում: Դրանք նույն բաները չեն։ Եթե տարածքային ընտրական հանձնաժողովը ստանա արձանագրություն այն մասին, որ ինչ-որ մի ավագանու անդամի լիազորությունները դադարեցվել են, ապա ՏԸՀ-ն կտա հաջորդին։ ՏԸՀ-ն լիազորություն չունի քննելու՝ որքանո՞վ է այդ փաստաթուղթը իրավական կամ ոչ իրավական», - եզրափակել է Արմեն Սմբատյանը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page