Տեղահանվածների վերադարձը՝ հետպատերազմյան Արցախի հրատապ խնդիր. ի՞նչ ծրագրեր են գործում
- Jun 19, 2021
- 1 min read

Ռազմական գործողությունների դադարից յոթ ամիս անց էլ Արցախում հրատապ հարցերի թվում է տեղահանված արցախցիների վերադարձը:
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը Mediahub-ին տրամադրել է տվյալներ բնակեցման գործընթացի վերաբերյալ:
Ըստ այդմ՝ 2021 թվականի հունիսի 15-ի դրությամբ պետության կողմից բնակարանների և բնակելի տների վարձավճարի փոխհատուցման ծրագրի շրջանակներում 2278 ընտանիք ստացել է աջակցություն: Քաղաքացիները բնակարանները վարձակալել են Արցախի բոլոր շրջաններում: Նշենք, որ ծրագիրը գործում է անորոշ ժամկետով:
Ըստ առաջնահերթության՝ երկրորդ ծրագրով մոտ 1600 տեղահանված քաղաքացի բնակեցվել է Ստեփանակերտի և շրջանների հյուրանոցներում ու հյուրատներում: Այս պահին քաղաքացիներին բնակեցնելու գործընթացը ժամանակավորապես դադարեցված է, քանի որ հյուրանոցներում ազատ սենյակներ չկան։ Ազատ համարներ լինելու դեպքում բնակեցվում են նախապես գրանցված քաղաքացիները։
Պետության հոգածությամբ ստեղծվում է կենցաղի ու զբաղվածության պայամններ, որպեսզի տեղահանված արցախցիների՝ առանց այն էլ ծանր հոգեվիճակի պայմաններում հնարավոր լինի արագ ինտեգրվել հասարակությանը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այժմ տվյալների հավագրման և կարիքների գնահատման փուլում է:
Հեղինակ՝ Անի Մարտիրոսյան
Comentários