top of page

Թուրքիան սպառնում է ոտքի հանել Իրանի ադրբեջանցիներին

  • Oct 22, 2021
  • 2 min read


Բաքվի՝ Իսրայելի հետ հարաբերությունների պատճառով Իրանն Ադրբեջանը չի վերածի ինչ-որ թիրախի, քանի որ այսօր Իրանում բնակվող ադրբեջանցիների թիվն ակնհայտ է։ Այդ գործոնը, իհարկե, կստիպի մտածել։ Ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:


Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների լարվածության ֆոնին Թուրքիան սկսել է բացահայտ պաշտպանել իր ռազմավարական դաշնակից, 44-օրյա պատերազմից հետո դե-ֆակտո սատելիտ Ադրբեջանին: Էրդողանը կրկնում է Ադրբեջանի իշխանությունների թեզերը՝ կապված Իրանում ադրբեջանական գործոնի հետ:

Տարբեր գնահատականներով Իրանում ադրբեջանցիների թիվը տատանվում է 15-30 միլիոնի սահմաններում, պարսիկներից հետո նրանք համարվում են թվով երկրորդ ազգությունը:


Իրանական Ադրբեջանում՝ Իրանի հյուսիսային շրջաններում, որոնք սահմանակցում են Թուրքիային և Ադրբեջանին, ժամանակ առ ժամանակ հակաիրանական ցույցեր և անջատողական ելույթներ են տեղի ունենում: Թուրքիան որդեգրել է պանթուրքական արտաքին քաղաքականություն, և Էրդողանի զգուշացումն իրանական ադրբեջանցիների ակտիվացման մասին ուղղված է առաջին հերթին Թեհրանին:


Անկարան և Բաքուն ցանկանում են Իրանի ադրբեջանցիներին օգտագործել որպես 5-րդ շարասյուն կամ ազդեցության լծակ՝ իրանական ռազմա-քաղաքական ղեկավարության դեմ:


Թուրքիան փաստացի սպառնում է ոտքի հանել Իրանի ադրբեջանցիներին, եթե Իրանը ռազմական գործողություններ սկսի Ադրբեջանի Հանրապետության դեմ:


Իրանը միշտ շատ կոշտ է արձագանքում երկրի ներքին գործերի մեջ ցանկացած միջամտությանը, այդ թվում՝ անջատողականությանն ուղղված կոչերին: Իրանում ադրբեջանցիներն ինտեգրված են պետական կառավարման բոլոր օղակներում՝ հոգևոր, ռազմական, տնտեսական, և իրենց համարում են իրանցիներ՝ Իրանի քաղաքացիներ:

Անկարան և Բաքուն, իհարկե, տասնամյակներ շարունակ փորձել են Իրանական Ադրբեջանում ձևավորել իրենց ազդեցության գործակալներին, սակայն Իրանի հատուկ ծառայություններն ու բանակը կանխելու են ցանկացած անջատողականության փորձ:


Եթե Թուրքիան, հենվելով Ադրբեջանի վրա, փորձի շահարկել Իրանի ադրբեջանցիների գործոնը, ապա Իրանն, իր հերթին, կարող է բարձրացնել Թուրքիայում ալևիների խնդիրը կամ զինի քրդական ջոկատներին Սիրիայում:


Թուրք-իրանական գեոպոլիտիկ մրցակցությունը շարունակվելու է, սակայն Անկարան և Թեհրանը խուսափելու են ուղիղ ռազմական բախումներից: Այդուհանդերձ, եթե Ադրբեջանն իր տարածքը տրամադրի տարբեր սուննիական, ջիհադական խմբավորումներին կամ Իսրայելին՝ Իրանի դեմ գործողությունների համար, ապա Ադրբեջանի տարածքն Իրանի զինված ուժերի համար դառնալու է թիրախ․ դա պետք է գիտակցեն Բաքվում և Անկարայում:


Արտյոմ Բալասանով

Коментарі


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page