Սյունիքը պետք է դիտարկենք ոչ միայն որպես անվտանգության մաս, այլ՝ տնտեսական գոտի. Վաչե Գաբրիելյան
- May 25, 2021
- 1 min read

«Թե՛ տնտեսական զարգացման տեսակետից, որը կախված է մեր հարկաբյուջետային հարաբերությունների հետ, և թե՛ տնտեսությանը զարկ տալու տեսակետից կարևորագույնը Սյունիքում և արևելյան սահմաններին ենթակառուցվածքների վրա ծախսեր անելն է »,- այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից նախաձեռնված քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:
Նրա խոսքով, այդ ենթակառուցվածքները վերաբերում են թե՛ սահմանների կահավորմանը, թե՛ ճանապարհներին և թե՛ այլ ենթակառուցվածքներին՝ այդ թվում նաև թվային: «Կարծում եմ՝ բոլորը կիսում են այն տեսակետը, որ պետք է ամեն բան անենք տնտեսական պոտենցիալ չկորցնելու և ենթակառուցվածքները պահելու համար: Մենք Սյունիքը պետք է դիտարկենք ոչ միայն որպես անվտանգության մաս, այլ նաև՝ որպես տնտեսական գոտի:
Այնտեղ ունենք ամենաքիչ արտագնա աշխատանքի գնացողների թիվը, քանի որ այնտեղ զարգացած է հանքարդյունաբերությունը, որն էլ ապահովում է շատ ավելի նորմալ եկամուտներ: Եվ դա է պատճառը, որ Սյունիքում միջին աշխատավարձը համադրելի է Երևանի հետ»,- ասաց նա:
Ըստ Վաչե Գաբրիելյանի, այդ տեսանկյունից, տնտեսական զարգացման առաջնահերթությունը պետք է լինի հարկաբյուջետային հատվածում վերադարձը «ոսկե կանոնին», և Գեղարքունիքում ու Սյունիքում կապիտալ ծախսեր անելը: «Կարծում եմ՝ սա ճչացող առաջնահերթություն է, որը կստեղծի միջավայր՝ տնտեսական զարգացման մյուս ուղղությունների համար»,- նշեց նա:
Aa
Yorumlar