Պետական տուրքից ազատվում են կենսաթոշակառուները, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամները. ԱՆ փոխնախարար
- May 17, 2021
- 1 min read

«Մենք հանրային ծառայությունների ոլորտում արմատական փոփոխություններ ենք իրականացրել, այն ծառայությունների, որոնք վերաբերում են Արդարադատության նախարարությանը»,- այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը։
Նա նշեց, որ մշակվել են 2 նոր օրենք, ևս 8 օրենքում փոփոխություններ են իրականացրել, որով փոփոխության են ենթարկել ՔԿԱԳ ծառայությունները և նաև ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունները,-«Ամբողջությամբ փոխվել է պետական տուրքի համակարգը։ Պետական տուրքից ազատվում են կենսաթոշակառուները, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամները, կամ հաշմանդամ երեխաները, այլ կատեգորիա ևս ավելացրել ենք, որը վերաբերում է ընտանիքի անապահովության համակարգում ներառված անձանց, ինչպես նաև ռամական գործողությունների մասնակիցներին, կամ ռազմական գործողությունների հետևանքով զոհված ճանաչված քաղաքացիների ամուսինը, զավակը կամ ծնողը»։
Փոխնախարարն ընդգծեց, որ այսուհետ ՔԿԱԳ-ից ստացված ցանկացած տեղեկանքի համար նախկինում գանձվող 2000 դրամ պետական տուրքը չի գանձվելու։ Յուրաքանչյուր տարի այս ծառայությունից օգտվում էր շուրջ 13000 քաղաքացի։
Այսուհետ պետական տուրք չի գանձվի նաև ամուսնության պետական գրանցման համար։ Առցանց գրանցման համար պետական տուրք չի գանձվի նաև անհատ ձեռներեցի գրանցման համար՝ խոսքը 3000 դրամ պետական տուրքի մասին է։ Անվան փոփոխության, ուղղումների, շտկումների համար սահմանված 5 ամիս ժամակետը ևս կրճատվել է, այժմ սահմանվել է մինչև 15 աշխատանքային օր։
Comentários