Կանանց վրա պետք չէ զորք ուղարկել․ Արթուր Վանեցյանը՝ իշխանությանը
- Aug 26, 2021
- 1 min read

Համոզված եմ, որ առաջիկա տարիների համար չափազանց կարևոր խնդիր է հայկական աշխարհի միասնականության վերականգնումը։ Այդ մասին այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ին ստրագրված ամոթալի փաստաթուղթը մեծ փլուզումներ է առաջացրել հայկական աշխարհում։ «Արցախը միշտ եղել է մեր միասնականության և ազգային ինքնագիտակցության առանցքներից մեկը։ Ես հասկանում եմ` շատ դժվար է համախմբվել պարտության և կորստի շուրջ։ Արցախն իրեն լքված է զգում, սփյուռքը՝ օտարված, Հայաստանը՝ մոլորված»,- ասաց նա։ Ըստ նրա՝ չկան այն առանցքները, գաղափարական և ազգային նպատակները, որոնք դարձյալ մեզ կդարձնեն եռամիասնություն, կդարձնեն ուժեղ, միասնական ազգ, կվերակագնեն մեր ազգային արժանապատվությունը։ «Այստեղ պետք է գրագետ, դժվար ու համառ աշխատանք, ու այդ դեպքում մենք անպայման կունենանք հաջողություն։ Ինչու եմ ես սա այսքան կարևորում. որովհետև հենց որ մենք կարողացանք վերականգնել մեր եռամիասնությունը, մեր ազգային միասնականությունը և արժանապատվությունը, մենք շատ ավելի հեշտ կկարողանանք բանակցել մեր դաշնակիցների հետ ու շատ ավելի հեշտ կկարողանանք խաղաղություն հաստատել մեր անմիջական հարևանների հետ։ Իսկ դա պետք է սկսել հասարակական համերաշխություն ապահովելով, մի բան, որ երեկ և այսօր գործող իշխանությունը հաջողությամբ տապալեց այս դահլիճում»,- նշեց նա։ Իր ելույթի ավարտին Արթուր Վանեցյանը երկու խորհուրդ առանձնացրեց։
«Կանանց վրա պետք չէ զորք ուղարկել։ Ընդհանրապես, պառլամենտում պետք չէ զորքով հարցեր լուծել։ Դա մի օր կհանգեցնի՝ «Պահակախումբը հոգնել է, քնել է ուզում» հայտնի պատմական ձևակերպմանը»,- խոսքը եզրափակեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։
Comments