Մենք Բաքվին տարածքներ զիջեցինք քարտեզների հիման վրա, որոնք, ըստ Պուտինի, գոյություն չունեն․ Ոսկանյան
- Nov 27, 2021
- 2 min read

Այդ փաստաթութղթը ոչ մի նորություն չի պարունակում։ MediaHub.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով նոյեբերի 26-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած փաստաթղթին։
Նրա խոսքով, սակայն, այդ փաստաթղթի տրամաբանության մեջ որոշակի ռիսկեր կան, քանի որ կան կասկածներ՝ հայտարարության մեջ ամեն բան արձանագրված չէ, կան կուլիսային պայմանավորվածություններ։
«Եթե այս տեսանկյունից նայենք, ապա վտանգ կա, որ Բաքվի բռնապետը փոքր քայլերով գնում է իր հակահայ քայլերի շարունակականության ապահովմանը»,- նշեց նա, ապա հավելեց, որ այս դեպքում շատ բնական է, որ հայ հասարակության մոտ որևէ խանդավառություն չկա՝ կապված այդ փաստաթղթի հետ։
Ըստ Վարդան Ոսկանյանի՝ որևէ փաստաթղթով հնարավոր չէ ապահովել Հայաստանի անվտանգությունը, ուստի մենք պետք է շտապենք արդիականացնել մեր բանակը։ Ինչ վերաբերում է կոմունիկացիաների բացմանը, ապա Վարդան Ոսկանյանը նշեց՝ դա սարերի հետևում է։ Իրանագետի դիտարկմամբ՝ կոմունիկացիաները չենք կարող բացել, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը։
«Չի կարող պետության հետ լավ հարաբերություն լինել, եթե այդ պետությունը իրականացնում է ահաբեկչին բնորոշ վարքագիծ՝ պահելով հայ պատանդներ, սպանելով մեր զինվորներին, կրակելով մեր սահմանների ուղղությամբ»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ երեկ ՌԴ նախագահը կոնկրետ ժամկետներ նշեց դելիմիտացիայի և դեմարկացիայի համար, Վարդան Ոսկանյանը արձագանքեց՝ այդ գործընթացը մեր ազգային շահերից չի բխում։
«Հայաստանն այժմ գտնվում է հետանկախության շրջանի ամենաթույլ վիճակում, հետևաբար, որևէ գործընթաց այս պահին չի կարող ձեռնտու լինել մեզ համար»,- ասաց Ոսկանյանը։ Իրանագետն ընդգծեց՝ կարևոր հանգամանք է այն, որ ՌԴ նախագահը շեշտեց՝ գոյություն չունի խոհրդային Ադրբեջանի և խորհրդային Հայաստանի սահման։
«Հարց է ծագում՝ ինչի՞ հիմա վրա ենք մենք Հայաստանի տարածքները հանձնում Ադրբեջանի բռնապետին։ Խոսքը, մասնավորապես, Ճակատենի Կապան-Գորիս ճանապարհի Որոտանի հատվածի մասին է։ Եվ մեզ հավատացնում են, թե այդ ամենն արվել է խորհրդային քարտեզների հիման վրա, բայց ՌԴ նախագահը հստակորեն արձանագրեց՝ նման սահմաններ գոյություն չեն ունեցել»,- ասաց Ոսկանյանը։ Իրանագետը նկատեց՝ հարց է ծագում՝ ինչո՞ւ ենք մենք Բաքվի բռնապետին տարածքներ զիջում։
Նարե Գևորգյան
Comments