Վիեննայում տեղի է ունեցել համերգ՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին
- 24Time.am
- Nov 8, 2021
- 1 min read

Նոյեմբերի 6-ին Վիեննայի «Antonio-Vivaldi» համերգասրահում Ավստրիայում ՀՀ դեսպանության և Ավստրիայի Հայ-առաքելական եկեղեցական վարչության աջակցությամբ տեղի է ունեցել հոբելյանական համերգ՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին և Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին: Այդ մասին տեղեկացնում է Ավստրիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը:
Համերգին կազմակերպել են Քլինգենի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սիփան Օլահի և Ավստրիայում բնակվող հայ երաժիշտ ջութակահար Գայանե Միրզոյանը և նպատակ ուներ Ավստրիայում ևս ներկայացնել հայ մեծ կոմպոզիտորների ստեղծագործական ժառանգությունը։
Համերգին մասնակցել են Քլինգենի կամերային նվագախումբը գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սիփան Օլահի գլխավորությամբ, Ավստրիայում բնակվող հայ և այլազգի երաժիշտներ և մեներգիչներ:
Համերգի բացմանը հանդիսատեսին ողջույնի խոսքով է դիմել Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը: ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել նման նախաձեռնության համար, կարևորել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ներկայացումը նաև Հայաստանի սահմաններից դուրս: Դեսպան Պապիկյանն իր ելույթում նաև հակիրճ անդրադարձել է հայ մեծանուն կոմպոզիտորների կյանքին, նրանց ստեղծագործական հարուստ ժառանգությանը, ընդգծել, որ այս երկու տաղանդների ստեղծագործությունները մինչև օրս ապրում և փոխանցվում են սերնդեսերունդ:
Համերգի նախորդ օրը՝ նոյեմբերի 5-ին, Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցական վարչության սրահում տեղի է ունեցել դասախոսություն՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին։ Դասախոսություններով հանդես են եկել Քլինգենի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սիփան Օլահը և Ավստրիայում բնակվող հայ երաժիշտ ջութակահար Գայանե Միրզոյանը: Դասախոսությունն ուղեկցվում էր Սպենդիարյանի և Բաբաջանյանի երաժշտությամբ:
Comments