Վրաստանն ակտիվացնելու է իր «լոգիստիկ դիվանագիտությունը»
2022թ.-ին Վրաստանը ենթակառուցվածքների արդիականացման համար հատկացնելու է 1.9 միլիարդ լարի: Հիմնական շեշտը դրվելու է ՌԴ-Վրաստան ճանապարհի ու Արևելք-Արևմուտք միջանցքի արդիականացմանը:
Վրաստանը տասնամյակներ շարունակ՝ միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ, ինչպես նաև թուրքական և ադրբեջանական ներդրումների շնորհիվ արդիականացրել է իր լոգիստիկան՝ դառնալով կարևոր միջանցք, կապող կամուրջ Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ ուղղությունների վրա:
Արևելք-Արևմուտք միջանցքը կամ E-60 Եվրոպական տարանցիկ ճանապարհը կապում է եվրոպական երկրներն ու Կենտրոնական Ասիան՝ Վրաստանի տարածքով:
Վրաստանի տարածքում այն սկսվում է Ադրբեջանի հետ սահմանին և ավարտվում է սևծովյան Փոթի նավահանգստի մոտ: Այս ճանապարհի շնորհիվ Վրաստանը կարողանում է տարանցել ադրբեջանական, կենտրոնականասիական, չինական բեռները դեպի Եվրոպա և սևծովյան երկրներ: Այս ճանապարհի շնորհիվ Վրաստանը կարողանում է ստանալ տնտեսական և գեոպոլիտիկ դիվիդենտներ՝ բարձրացնելով իր տարանցիկ դերը հարևան Ադրբեջանի համար, ինչպես նաև ԵՄ-ի, որին ցանկանում է անդամակցել:
Հյուսիս-Հարավ ճանապարհը, որի շնորհիվ Հայաստանը՝ Վրաստանի տարածքով ցամաքային կապ է պահպանում ՌԴ-ի հետ նույնպես կարևոր է թե Վրաստանի, թե ՌԴ-ի ու Հայաստանի համար: Հայաստանն այդ ճանապարհի շնորհիվ տնտեսական կապեր է զարգացնում իր թիվ մեկ ռազմավարական դաշնակից և տնտեսական գործընկեր ՌԴ-ի հետ, իսկ Վրաստանը՝ տարանցման համար ստանում է տնտեսական օգուտներ, բացի այդ, կապող օղակ է դառնում Մոսկվայի և Երևանի միջև:
Նավթագազային և այլ բնական ռեսուրսներից զուրկ Վրաստանը միլիարդավոր դոլարներ է ներդնում իր լոգիստիկ հզորությունների մեջ, որպեսզի կարողանա մաս կազմել կարևոր միջանցքների՝ դրանով բարձրացնելով թե իր գեոպոլիտիկ կշիռը մի քանի գերտերությունների համար՝ ԱՄՆ, ԵՄ, ՌԴ, Չինաստան, ինչպես նաև համալրել իր բյուջեն՝ տարանցման ծառայություններից ստացվող եկամուտների շնորհիվ:
Հայաստանն իր հերթին պետք է զարգացնի իր լոգիստիկան՝ ներդրումներ իրականացնի լոգիստիկ հզորությունների մեջ՝ դառնալով կարևոր միջանցք Իրանի և ՌԴ-ի համար՝ Հյուսիս-Հարավ ուղղության վրա, իսկ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանների ապաշրջափակման պարագայում նաև Արևելք-Արևմուտք ուղղության վրա: Լոգիստիկայի մեջ ներդրումները կստեղծեն նոր աշխատատեղեր և կխթանեն տնտեսական կյանքը մարզերում:
Այս առումով Հայաստանը պետք է ներգրավվի ներդրումներ թե՛ Արևմուտքից, թե՛ ՌԴ-ից՝ իր աշխարհագրական կարևոր դիրքն օգտագործի թե տնտեսական բարեկեցության, թե գեոպոլիտիկ կշռի մեծացման համար:
Արտյոմ Բալասանով
תגובות