Infiniti-ի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում և չի ունեցել վարորդական իրավունքի վկայական. մանրամասներ
- Sep 20, 2021
- 1 min read

Սեպտեմբերի 19-ին Երևանում՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց խոշոր ու շղթայական ավտովթարի հետևանքով նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է Infiniti-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված վիրավորների, ինչպես նաև ոստիկանական ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, գրում է shamshyan.com-ը։
Պարզվել է՝ Infiniti-ն վարել է Երևանի բնակիչը՝ 27-ամյա Հմայակ Միրզոյանը։ Վերջինս ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է ոչ սթափ և իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։
Պարզվել է նաև, որ կայանված վիճակում վթարի ենթարկված «06»-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ, ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ, 29-ամյա Գևորգ Բադեյանը։
Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Infiniti-ի վարորդն ու նրա ուղևորը՝ Երևանի բնակիչ, 38-ամյա Սարգիս Համբարձումյանը։
Սեպտեմբերի 19-ին խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմանում Infiniti մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցում՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց, բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 31-ամյա Արմիկ Փարսյանին պատկանող Mercedes մակնիշի, 59-ամյա Ավետիկ Ղուկասյանին պատկանող Isuzu մակնիշի, 26-ամյա Կարապետ Առաքելյանին պատկանող Nissan Bluebird մակնիշի, ոստիկանության Չարբախի բաժանմունքի հաշվեկշռում հաշվառված ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենային և 30-ամյա Ռոմիկ Ավագյանին պատկանող Toyota Camry մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիներն ու ոստիկանության Չարբախի բաժանմուքի ծառայողները:
Commentaires