«Ամուսինս դաշտում անասունները պահելու ժամանակ ադրբեջանցի զինվորների է հանդիպել»․ Խոզնավարի բնակիչ
- May 21, 2021
- 1 min read

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ՝ մայիսի 20-ին, Սյունիքի մարզի Սեղ գյուղի Խոզնավար վարչական շրջանում միջադեպ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև։ Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ առանց թույլտվության հատել են Խոզնավար գյուղի հատվածում պահպանվող պետական սահմանը: Նրանք մոտ 1.5 կմ առաջացել են ՀՀ տարածքով, դիրքավորվել և նրանց մոտեցած ՀՀ ԶՈւ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել, հայտնել են, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը՝ առաջանալու դեպքում սպառնացել են կրակել:
MediaHub.am-ի թղթակցի հետ զրույցում Խոզնավար համայնքի բնակիչ Թամարա Գրիրգորյանը հայտնեց, որ բոլոր կանայք ու երեխաները, անվտանգությունից ելնելով, տեղափոխվել են գյուղից,- «Գյուղում մի քանի կին է մնացել»։
«Ամուսինս դաշտում անասունները պահելու ժամանակ ադրբեջանցի զինվորների է հանդիպել, մտածել է, որ հայեր են, հետո փորձել է հետները խոսել, հասկացել է, որ ադրբեջանցի են, հետ են եկել, տեղեկացրել է համայնքի վարչական ղեկավարին։ Հիմա գյուղից դուրս ենք եկել, իրենք գյուղում են մնացել։ Չգիտենք՝ ի՞նչ է լինելու»,- ասաց նա։
Նշենք, որ փոխադարձ ծեծկռտուքի ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են պատճառվել ՀՀ ԶՈւ 11 ներկայացուցիչներ: ՀՀ ԶՈւ զինծառայողներին այս անգամ ևս հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր:
Ավելի վաղ MediaHub.am-ի հետ զրույցում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հայտնել էր, որ թշնամուն սյունեցիներին վայել պատժել են։
Comments