top of page

Մո՞ւրճ, թե՞ օրենք․ ինչպե՞ս Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնետեր դարձավ

  • Oct 2, 2021
  • 2 min read


Երեկ հայտնի դարձավ, որ Կառավարությանն է հանձնվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետոմսերի 15%-ը։ Այս ընկերությունը տարիներ շարունակ ՀՀ խոշոր հարկատուների եռյակում է եղել։

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը պետական գրանցում ստացել է 1994 թ. հուլիսին։ Ընկերության բաժնետերերը և նրանց բաժնեմասերը պարբերաբար փոխվել են։


ԶՊՄԿ-ի 15%-ը կառավարությանը նվիրաբերել է «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, որը «Գեոպրոմայնինգ»-ին պատկանող ընկերություն է։ Այն սեպտեմբերի 30-ին ձեռք է բերել պղնձամոլիբդենայինի 60 %-ը, որից 25%-ը նույն օրը նվիրաբերել է կառավարությանը։ Այժմ հայտնի չէ, թե 60 %-ն ումից է ձեռք բերել ընկերությունը, և ինչո՞ւ է Կառավարությանը նման թանկարժեք նվեր մատուցել։


Նշենք, որ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը սպասարկում է նաև Սոթքի ոսկու հանքը, որի մի մասը Քարվաճառը հանձնելուց հետո անցավ թշնամու վերահսկողության տակ։


Մինչև բաժնետերերի վերջին փոփոխությունը պղնձամոլիբդենայինի իրական սեփականատերերի հայտարարագրից պարզ է դառնում, որ ԶՊՄԿ-ն իր թողարկած բաժնետոմսերի 75 տոկոսի սեփականատերն է, իսկ Ռուսաստանի առողջապահության նախկին նախարար Միխայիլ Զուրաբովին էր պատկանում 12.5 տոկոս բաժնեմասը։ 7.5 տոկոս բաժնեմասն էլ պատկանում էր ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովին, 2.5-ական տոկոս՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին ու նրա եղբորը՝ Կարեն Հակոբյանին։


«Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոն ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից հետո հայտարարությամբ է հանդես եկել` նշելով, որ իրենք մտադիր են ընդլայնել համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ, և սա ավելի լայն համագործակցության առաջին քայլն է։ Նա նաև նշել է, որ առաջիկայում Հայաստանում մտադիր են նոր պղնձ­­­աձուլարան կառուցել։


«Հայաստան» դաշինքի պատգամավոր վահե Հակոբյանը, որը ԶՊՄԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահն էր, թեմային չցանկացավ անդրադառնալ՝ հիշեցնելով, որ այլևս չի զբաղեցնում այդ պաշտոնը։ Իսկ ընկերության հետ կապ հաստատել չհաջողվեց։


Հիշեցնենք, որ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ անդրադարձել է Զանգեզուրի պղնձամոլիբդենայինին և բաց տեքստով հայտարարել, որ սեփականատերերի բոլոր «փայերն» անցնելու են ժողովրդին և կառավարությանը։ «Հիմա հարցնելու եք, թե ոնց ենք անելու, ասում եմ՝ հանգիստ, չագուչով ենք անելու»։


Արդեն օգոստոսի սկզբին Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնեմասերի մի մասի վրա կալանք դրվեց։ Մասնավորապես, իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ օգոստոսի 4-ից արգելանք է դրվել կոմբինատի 2 061 253 հատ բաժնետոմսերի վրա։ Թե ինչ քրեական գործի շրջանակում է կիրառվել բաժնետոմսերի կալանքը, չի նշվում։ Բացի այս, կալանք է դրվել պղնձամոլիբդենային կոմբինատի 12.5 տոկոսի բաժնետեր «Զանգեզուր մայնինգ» ընկերության՝ կոմբինատում ունեցած բաժնետոմսերի վրա։ Իսկ կառավարությանն անցել է 412 250.75 բաժնետոմսը։

Արմինե Նավոյան

Комментарии


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page