Վերին Շորժայում հայ զինծառայող է զոհվել թշնամու կրակոցից. վիճակը լարված է
- May 25, 2021
- 1 min read

Քիչ առաջ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրում միջադեպ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև։ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ ժամը 14։20-ի սահմաններում, հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։ Մասնավորապես, հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։
MediaHub.am-ի հետ զրույցում Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը հայտնեց, որ միջադեպի հետևանքով հայկական կողմից հրազենային վնասվածք ստանալու արդյունքում պայմանագրային զինծառայող է զոհվել։ Նա նաև նշեց, որ այս պահին իրավիճակը նշված հատվածում լարված է։
Պաշտպանության նախարարությունը նույնպես հաստատել է տեղեկատվությունը՝ հայտնելով, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։
Առայժմ մեզ չի հաջողվել պարզել ադրբեջանական կողմի կորուստների մասին տեղեկատվությունը։
Comments