top of page

Մի՞թե մտածում եք, որ միայն «գունագեղ» բառն է մեզ մոտ վրդովմունք առաջացրել․ զոհվածի քույր

  • Sep 12, 2021
  • 1 min read


Զոհված զինվորի քույր Էլզա Կիրակոսյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է։


«Շատ եմ մտածում տոնակատարությունը տոնել ցանկացողների մասին,փորձում եմ հարցին իրենց տեսանկյունից նայել,բայց այդպես էլ չեմ հասկանում, թե ինչն են ուզում տոնել, եթե վիրավոր երկրի «անկախությունը», ապա երկիրն այդ առումով ամենալավ վիճակում չէ։


Բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել «առանց ում օգնության ինչ չենք կարող անել» շարքից։ Մի՞թե մտածում եք,որ միայն «գունագեղ» բառն է մեզ մոտ վրդովմունք առաջացրել։ Հիասթափեցնե՛մ։ Մենք չունենք այն բաղձալի հաղթանակը, որպեսզի ինձ նման քույրերն արցունքոտ աչքերով, բայց նաև հպարտությամբ Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեն, հետո հրապարակում հաղթական զորահանդեսին մասնակցեն։


Այո՛, կգնայի՛նք, քանի որ հաղթանակը փոքր֊ինչ կսփոփեր մեզ, կմեղմեր մեր հոգու ցավը, և միայն այդ պարագայում ինչ֊որ կերպ արդարացված կլիներ մեր հերոս եղբայրների կորուստը։


«Հողն արյունով են պահում» արտահայտությունը կարող էր մեզ համար կարգախոս դառնալ։ Հատուկ նշեմ, որ ավելի մեծաթիվ զոհերի գնով, բայց հաղթանակած երկրում արդեն նման դեպք եղել է, և զոհվածների ընտանիքներին չփորձե՛ք անհեթեթ համեմատություններով հոգեբանական ճնշման ենթարկել։


Հիմա ի՞նչ ունեք, բացի ՀՀ խարխլված անկախությունը, մի բուռ դարձած Արցախն ու կոտորված ոսկե սերունդը, ի՞նչն եք ուզում տոնել։ Էլ չեմ խոսում տնտեսության և այլնի մասին։ Իսկ եթե ուզում եք ձեր այդ կեղծ տոնակատարությամբ «թոզ փչել» հարևանների աչքերին, ապա կրկին հիասթափեցնե՛մ. նրանք մեր երկրի վիճակի մասին շա՜տ ավելին գիտեն, քան դուք կարծում եք։


Անկախության կարևորության մասին ես քաջ գիտակցում եմ։Ինձ համար կարևորն այն տոնելը չէ, այլ ամեն գնով այն պահելն է։ Իսկ պահելու համար «տոնի» անիմաստ ծախսերն առաջին հերթին ուղղեք բանակին։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page