Ազգային պատկերասրահում նոր ցուցադրություն կլինի
- 24Time.am
- May 18, 2021
- 1 min read

Թանգարանների միջազգային օրվա շրջանակում մայիսի 19-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա «Արվե՞ստ, թե՞ գիտություն. երեք վերականգնված կտավի պատմություն. Բաշինջաղյան, Կոջոյան, Սարյան» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ նախաձեռնությամբ պատկերասրահում կմեկնարկի «Վերականգնված ցուցանմուշների պատմություն» նախագիծը:
20-րդ դարի հայկական կերպարվեստի երեք խոշոր վարպետների վերականգնված կտավների կողքին կներկայացվեն վերականգնման երկարատև ընթացքն ամփոփ ներկայացնող աշխատանքային լուսանկարներն իրենց բացատրագրերով:
Ցուցասրահներից յուրաքանչյուրում տեղակայված կլինի վերականգնման արվեստանոցի մի անկյուն. աշխատանքային սեղան, նկարակալ, որոնց վրա տեղադրված կլինեն պատռվածքներով, ներկաշերտի կորուստներով ու թափվածքներով կտավներ, ինչպես նաև կոտրվածքներով ու բացակայող հատվածներով դեկորատիվ-կիրառական առարկաներ: Վերականգնման ենթատարածքի ամենահետաքրքիր «նմուշներից» են ժամանակակից մանրադիտակն ու ուլտրամանուշակագույն լամպը, որոնցով այցելուն հնարավորություն է ունենում ինքնուրույն զննելու առարկաների վնասվածքները, նախկինում արված երանգավորումներն ու հետագա միջամտությունները:
Ցուցադրությունը կգործի մայիսի 20-ից ամեն օր ժամը՝ 11։00-17։00-ը:
Մայիսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն ասաց, որ շատ է կարևորում մշակութային արժեքների, ժառանգության, հարստության վերականգնումը, պահպանումը, վերաիմաստավորումը:
«Այս տարի նշում ենք Հայաստանի ազգային պատկերասրահի 100-ամյակը և որոշել ենք հնարավորինս բաց լինել արվեստասերների առաջ, ներկայացնել ֆոնդերում պահված նյութերը: Շատերը չգիտեն, թե թանգարանում մարդիկ ինչով են զբաղվում, չգիտեն, թե ինչ նյութեր կան պահոցներում, թե ինչ նվիրյալներ են աշխատում թանգարանում»,-նշեց Հակոբյանն ու տեղեկացրեց, որ «Վերականգնված ցուցանմուշների պատմություն» նախագծի շրջանակում պարբերաբար ցուցադրելու են վերականգնված լավագույն աշխատանքները:
Comentarios